ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին Կոնսերվատորիայի առջեւի այգում՝ Կոմիտասի արձանի հարեւանությամբ, գործի կդրվի Ռիո դե Ժանեյրոյի ամառային 31-րդ օլիմպիական խաղերի մեկնարկի 100-օրյա հետհաշվարկի խորհրդանշական ժամացույցը:
«Ապրիլի 28-ին ամբողջ աշխարհում նշվելու է «100 օր դեպի Ռիո դե Ժանեյրո» օրը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Պլանավորել էինք այդ օրը Կոնսերվատորիայի առջեւի այգում նշել մեծ շուքով: Սակայն հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմը եւ սահմանային լարվածությունը, հրաժարվել ենք ծրագրի շատ կետերից եւ նշել համեստ:
Այդ օրը Հայաստանի մարզիկներին եւ ներկաներին կողջունեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը: Այնպես որ, բոլորին ժամը 15:00-ին հրավիրում եմ ներկա լինելու միջոցառմանը»:
Հրաչյա Ռոստոմյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ