«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ինչ-որ բաներ է փորձում հասկացնել Արևմուտքին:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կարապետյանը նաև նշեց, թե այդ հարցազրույցով Սերժ Սարգսյանը Կազանի փաստաթղթի վերաբերյալ հարցում ավելի խճճեց իրավիճակը. ի վերջո, չհասկացանք՝ հիմա Հայաստանը կո՞ղմ է այդ փաստաթղթին, թե` դեմ:
Նշենք, որ հարցազրույցի մի հատվածում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանը կողմ է եղել Կազանի փաստաթղթին, սակայն բանակցությունները ձախողվել են, քանի որ Ադրբեջանը չի ցանկացել փաստաթուղթ ստորագրել, քանի որ «դա մի ժամանակահատված էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթից եկած եկամուտներով եւ խոսում իր ռազմական բյուջեի ծավալների մասին»:
Ըստ պարոն Կարապետյանի` Կազանի փաստաթղթին կողմ լինելը ավանտյուրա է եղել, և բախտներս բերել է, որ Իլհամ Ալիևը չի ստորագրել այն: Արամ Կարապետյանի համոզմամբ` դրա մասին է վկայում հարցազրույցի հետևյալ հատվածը. « Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպումից առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. և ադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը ևս»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Կարապետյանի` նման բախտորոշ հարցում զգալ բառը եթե դրված է, ապա դա իրոք ավանտյուրա է: Արամ Կարապետյանը նշեց, որ իրավասու մարմինները ի վերջո պետք է պատասխանեն այդ հարցին` ՀՀ-ն հիմա կո՞ղմ է Կազանի փաստաթղթին, թե` ոչ, մինչդեռ նրանք պնդում են, թե հարցազրույցում տրվում է դրա պատասխանը: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահի համոզմամբ` «սա ցույց է տալիս, որ պատկան մարմինները մեռած են»:
Արամ Կարապետյանը Սերժ Սարգսյանի պատասխաններում մի շարք տողատակեր ու հարցականներ է տեսնում: Օրինակ` մի կողմից նա ասում է, որ ռուս խաղաղապահների մուտքին դեմ չենք, մյուս կողմից նշում, որ հիմա դա բացառում ենք, մյուս կողմից արևմուտքին հասկացնում է, որ պլան չկա, բայց դեմ ենք, քանի որ նշում է, թե, Սերգեյ Լավրովը իր հետ ոչ մի պլան չէր էլ կարող բերել, քանի որ «Լավրովը շատ փորձված դիվանագետ է, և նա շատ լավ հասկանում է, որ քառօրյա պատերազմից հետո խոսել բանակցությունների մասին, տրամաբանական չէ»:
Արամ Կարապետյանի կարծիքով` այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է քաղաքական փակուղուց դուրս գալու ելքեր գտնել. «Դրա համար ՊՆ-ում մարդկանց գործից հանում է, բայց գլխավոր դեմքերին ձեռք չի տալիս, քայլեր է անում, որ մեղմի իրավիճակը: Բայց, լավ, որ այդ մարդիկ թալանել են, ի՞նչ է` մենա՞կ են արել: Բրեժնևի նման երեք վարչության պետ հանեցիր գործից, հարցը փակեցի՞նք: Հարցը իրենց մեջ է, և այդ դեպքում վարչապետին են հանում»:
Եզրափակելով՝ պարոն Կարապետյանը նշեց, թե իր տպավորությամբ` Սերժ Սարգսյանը նաև ստուգում է հասարակության տրամադրությունները` հիշեցնելով, որ Հայաստանը ժամանակին կողմ է եղել Կազանի փաստաթղթին, և փորձում է շոշափել հասարակական կարծիքը, եթե նման հարց կանգնի մեր առաջ, արդյոք ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ