Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

Ապրիլ 26,2016 16:19

Ապրիլի 22-24-ին Ավստրիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 22-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց անվանի կանադահայ հրապարակախոս, երաժիշտ Ռաֆֆի Պետրոսյանի հեղինակային երեկոն` «Վերածնունդ ծրագիր՝ ծպտյալ հայեր» խորագրով:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նշանակությունը՝ Թուրքիայում բնակվող բազմահազար հայության ինքնությունը վերականգնելու, ազգային ու կրոնական արժեքները նրանց վերադարձնելու տեսանկյունից:

Երեկոյի ընթացքում Ռաֆֆի Պետրոսյանը ներկայացրեց 2014թ.-ից ի վեր իր կողմից իրականացված ծրագրերը` կապված ներկայումս Թուրքիայի արևելյան և կենտրոնական հատվածներում բնակվող իսլամացած, թուրքացած հայերի, Դիարբեքիրում վերջերս վերաբացված հայկական եկեղեցու, 2014-2015թթ. ընթացքում ծպտյալ հայերից կազմված խմբերի՝ դեպի Հայաստան ճամփորդություն կազմակերպման հետ:

Ապրիլի 24-ին Ավստրիայի Տիրոլ նահանգի մայրաքաղաք Իննսբրուքի կենտրոնական Մարիահիլֆ պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որը կատարեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Իննսբրուքի փոխքաղաքապետ տիկին Սոնյա Պիտշայդերին: Հուշարձանը տեղադրվել էր քաղաքային իշխանությունների կողմից՝ իննսբրուքահայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայում և սկանդինավյան երկրներում հայրապետական պատվիրակության աջակցությամբ:

Հուշարձանի բացմանը նախորդեց քաղաքի ամենամեծ՝ Յաքոբսդոմ կաթոլիկ տաճարում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանի կողմից մատուցված սուրբ պատարագը, որին երկրի տարբեր քաղաքներից ժամանած ավստրիահայ համայնքների 500-ից ավելի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա գտնվեցին Իննսբրուքի քաղաքապետ տիկին Քրիստինե Օփփից-Փլյորերը, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակ եպիսկոպոս Ֆլորիան Հուբերը, նահանգային և քաղաքային խորհրդարանների ներկայացուցիչներ:

Երախտիքի խոսքեր ուղղելով Ավստրիայի դաշնային իշխանություններին, Տիրոլի նահանգային և Իննսբրուքի քաղաքային իշխանություններին դրսևորած սկզբունքային և հետևողական քայլերի համար, Դեսպան Կիրակոսյանը նաև բարձր գնահատեց ավստրիացիների դերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այդպես էլ մարդկության դեմ դեռևս կատարվող հանցագործությունները կանխարգելելու գործում: Այս կապակցությամբ, նա մասնավորապես ասաց. «Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն ընդունեց 100 տարի առաջ իր դաշնակից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվության իր բաժինը և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն»:

Արման Կիրակոսյանը կոչ արեց հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դադարեցնել ապագա չունեցող ժխտողականության քաղաքականությունը. «Մեր ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու իր պատմության ամենասև էջը: Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը այսօրվա պես կանգնած է լինելու հայ ժողովրդի կողքին: 101-րդ տարելիցը ոչ թե ժողովուրդները իրար դեմ հանելու, իրար նկատմամբ ատելություն սերմանելու առիթ պետք է ծառայի, այլ հակառակը՝ խորհրդանշի միմիանց հաշտվելու և հանդուրժելու նոր հանգրվան: Այս միջոցառումը զուրկ է քաղաքական բնույթից և ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ: Մենք այսօր հարգում ենք զոհվածների հիշատակը: Քանզի միայն միմիանց նկատմամբ հարգանքն ու բարիացակամությունը կարող են պարարտ հող նախապատրաստել քաղաքակիրթ երկխոսության և հարատև խաղաղության համար», ասել է ՀՀ դեսպանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930