Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ոչ». Վարդան Այվազյանը պնդում է, որ կառավարության տապալված նախագիծն անցկացնելու են (Տեսանյութ)

Ապրիլ 26,2016 15:12

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տապալվեց «Հրազդան ցեմենտին» արտոնություն տալու կառավարության օրինագիծը, որը առաջին ընթերցման ժամանակ ընդունվել էր:

Նա բացատրեց. «Ընդդիմությունը հանդես եկավ միասնական ու չքվեարկվեց: Դուք կարծում եք մենք էդքան ձեն չունե՞նք»:

Մեր դիտարկմանը՝ ունեք, ուրեմն քաղաքական կամք չկար անցկացնելու՝ նա չհամաձայնեց. «Ո՞վ ասաց՝ չկարողացանք անցկացնել, պարզապես ներկա չեն եղել պատգամավորներից մի քանիսը»:

Մեր դիտարկմանը՝ կարեւոր նախագծերի ժամանակ սովորաբար զանգում, կանչում, ջանք եք թափում, այս անգամ դա չեղավ՝ նա պատասխանեց. «Ինձ ոչ մի անգամ չեն կանչում»:

Հարցին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում օրինագծին, երրորդ ընթերցմամբ չանցավ, ուրեմն վե՞րջ՝ Վարդան Այվազյանը հետաքրքիր պատասխան տվեց. «Կառավարությունը նորից կբերի, որպեսզի մենք դա դնենք քվեարկության»:

Մեր զարմանքին՝ նորի՞ց կառավարությունը կբերի, հանձնաժողովում նորից քննարկվի, առաջին, երկրորդ ընթերցում անցնի՝ նա պատասխանեց. «Հա, բա ոնց, ինչո՞ւ ոչ»:

Հետո նա մեղադրեց լրագրողներին, թե հրճվում են, որ նախագիծը տապալվել է՝ ձեզ ձե՞ռ է տալիս, որ «Հրազդան ցեմենտը» մաս-մաս կիսեն, վաճառեն:

Հարցին՝ շատ բիզնեսներ են մնում վարկերի տակ, փակվում են, ինչո՞ւ կառավարությունը չի մտահոգվում, մարդիկ փակում են բիզնեսները, արտագաղթում են՝ Վարդան Այվազյանը չհամաձայնեց: Նա հորդորեց «Հրազդան ցեմենտի» նման եւս մի բիզնես ցույց տալ, որը սնանկացման եզրին է: Երբ օրինակ բերվեց «Ալիշանը», որը փակվել է՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Տվյալ բիզնեսի համար ներկայացվել է ներդրումային ծրագիր: Մենք ասում ենք՝ «Հրազդան ցեմենտն» ունի 500 մլն դրամի հիմնական պարտք, գումարած դրան ունի 400 մլն-ի տույժ-տուգանք: Մենք ասում ենք՝ այդ տույժերը հանենք, որ կարողանաս աշխատել: Իր հիմնական պարտքը չի ոչնչացվել»:

Նա ներկայացրեց, թե եթե այս նախագիծը չընդունվի, գործարանը մետաղի ջարդոնի անվան տակ կվաճառվի կոպեկներով. «ՀՀ-ում կմնա մի հատ ցեմենտի գործարան, որը կունենա մոնոպոլ կարգավիճակ, կունենանք 1200 չաշխատող մարդիկ, կունենանք քարուքանդ եղած մի հատ տարածք: Հիմա դուք որոշեք»:

Մեր հարցին՝ Դուք նորմա՞լ եք համարում, որ Բաղդասարովն ինքն իրեն վարկ է տալիս ու այդ վարկի տակ է մնում՝ Վարդան Այվազյանը պատասխանեց, թե չգիտի ոնց է ինքն իրեն վարկ տվել. «ՎՏԲ բանկային խումբը նենց չի, որ մեկնումեկը գնա,ասի՝ ինձ մի հատ վարկ տուր, ինքը վերջիվերջո ներկայացրել է երաշխիքներ»:

Երբ պնդեցինք՝ ՎՏԲ-ի, «Հրազդան ցեմենտի» սեփականատերը նույնն է՝ նա պատասխանեց, որ իրենք հաշվի են առնում սոցիալական վիճակը. «Ինքը իրան պարտք ա տվել, պարտք չի տվել, ոնց ա եղել, ոնց չի եղել…ինքը ունի վարկային պարտավորություն, որը նրան տարել է սնանկացման»:

Մեր հարցին՝ Դուք կո՞ղմ եք, որ Բաղդասարովին պեղեն, գտնեն եւ պատասխանատվության ենթարկեն՝ նա պատասխանեց, որ ով ուզում է լինի՝ եթե պետբյուջեից փող է տարել՝ պետք է ենթարկվի: Երբ հարցրեցինք՝ բա ինչո՞ւ չեք կանչում՝ նա պատասխանեց՝ ես չգիտեմ, եթե ունեք փաստեր՝ ներկայացրեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930