Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Զիջումը ոչ թե 5 շրջաններն են, այլ Մադրիդյան սկզբունքները»

Ապրիլ 26,2016 15:00

«Իրավիճակն ադրբեջանանպաստ չէ և սա իրենց կողմից գիտակցվում է։ Ադրբեջանն ուզում է բեկում մտցնել իրավիճակի մեջ։ Բեկումը մտցնելու տարբեր ճանապարհներ կան՝ դիվանագիտական, քաղաքական, որոնք փորձարկվել են ու կարծես թե պատասխանը հասցվել է մեր կողմից, բանակի կողմից, միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը դեմքը պահելու խնդիր ունի, ուստի որոշ գործողություններ լինելու են այս լույսի ներքո»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն`անդրադառնալով Ադրբեջանի քայլին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն, այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է «Ադրբեջանի հերթական սադրիչ» նամակը. «Որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը»։

ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ Մինսկի խումբն իր պահվածքում միահամուռ եւ հետեւողական պետք է լինի. «Ապրիլյան պատերազմի, դրան հետևող օրերի ժամանակ ԵԱՀԿ բազմաթիվ պետություններ հանդես են եկել հայտարարություններով, որոնք եղել են գրավոր, բանավոր, հայտարարություններ են արվել ՄԽ կողմից, որ Ադրբեջանի կողմից 94-1995թ-ի Զինադադարի մասին պայմանագրի խզմանն ուղված քայլերն անընդունելի են և որ միջազգային հանրությունն այսօր տեսնում է հնարավորություն՝ վերադառնալու բանակցություններին՝ զենքի չօգտագործմամբ, սահմանին հետաքննական մեխանիզմի ներդրմամբ»։

Թեեւ, ըստ Հերմինե Նաղդալյանի, Մադրիդյան սկզբունքներից Հայաստանն «անսահման երջանիկ չէ», քանի որ կան վիճելի կետեր, «օրինակ, պետք է երկրորդ անգամ հանրաքվե անցկացվի, երբ Ղարաբաղի ժողովուրդը մի անգամ արդեն իր խոսքն ասել է», բայց ասում ենք, որ գնում ենք փոխզիջման. «Մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք այն հողերը, որոնց վրա այդ իրավունքը չունենք, մենք էդ հողերը չենք ուզում… Սա մեր բուֆերային գոտին է, մեր անվտանգության երաշխիքն է։ Դրսում հաճախ Մադրիդյան սկզբունքներից առանձնացնում են մի բան՝ ում ինչպես ձեռնտու է, բայց ՄԽ-ն մի քանի անգամ ուշադրությունը սևեռել է նրա վրա, որ Մադրիդյան սկզբունքները համալիր են, չկա մեկը, որի վրա պետք է սևեռել, որ նախ սա լուծենք՝ հետո նա։ Մենք լուծում ենք այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930