Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տարածքներ ենք կորցրել Մաշտոցի պողոտայում, Աբովյանի փողոցում»

Ապրիլ 26,2016 14:12

«Բոլոր այն պնդումները, որ ԼՂՀ իշխանությունները կամ ՊԲ-ն տեղյակ չեն եղել, որ ցանկացած պահի հնարավոր են տարբեր հարձակումներ, չեն համապատասխանում իրականությանը, դրանց մասին շատ լավ գիտեին ԼՂՀ իշխանությունները»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա, քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները շատ ինտենսիվորեն են աշխատել: Պարոն Իսագուլյանի խոսքով, օրեր են եղել, որ Բակո Սահակյանն իր հետ հանդիպել է գիշերվա երկուսին, իսկ հրատապ դեպքերում, ԼՂՀ նախագահը նույնիսկ չի սպասել ծառայողական մեքենային ու ոտքով է նախագահական նստավայր գնացել՝ կարգադրություններ տալու համար:

«Ես եղել եմ առաջին գծում, պետք էր տեսնել այն հերոսությունները, որ տարել են մեր շարքային զինվորները: Պետք էր ուղղակի տեսնել այդ տղաների աչքերում կրակը: Մենք մեր հաղթանակի համար նախ և առաջ պարտական ենք մեր այդ առաջին գծում կանգնած շարքային զինվորներին: Մեր տղաներն ունեին ինձ համար զարմանալի բնավորության գծեր, տեղ կար՝ Ասկերանի ուղղությամբ, երբ զինվորներն ուղղակի մտածում էին, որ խրամատի մոտ հարմար չէ, ու ուղղակի բաց ճակատ էին դուրս գալիս, որն ազերիների համար անսպասելի է»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հայկական կողմը տարածքներ է կորցրել, պարոն Իսագուլյանն ասաց. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տարածքներ չենք կորցրել, տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում: Մենք Ղարաբաղում տարածքներ չենք կորցրել, գուցե եղել են դիրքային փոփոխություններ, բայց որևէ մեկը չի պատրաստվում որևէ տարածք զիջել, հատկապես այն տղաները, որոնք հիմա սահմանում են: Սա պետք է հասկանան նրանք, որոնք որոշակի պարտավորություններ ունեն ՀՀ-ում»:

Ինչ վերաբերում է տարածքների փոխզիջմանը, ԼՂՀ ներկայացուցիչն ասաց՝ անհնար է. «ԼՂՀ-ում որեւէ բնակիչ պատրաստ չէ դրան, Հայաստանն ով է, որ որոշի ԼՂՀ փոխարեն: ՀՀ-ն ԼՂՀ-ի կողքին է, բայց ոչ ԼՂՀ-ի փոխարեն»:

 
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930