ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ իրավիճակը, որում գտնվում էին Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումների մեկնարկին, կտրուկ տարբերվում է ներկայիս իրավիճակից: «Ապրիլյան պատերազմը լուրջ ցնցում էր Հայաստանի եւ, ինչպես կանխատեսում եմ, նաեւ նրա քաղաքական համակարգի համար: Շատ բան փոխվել է մեր հասարակության մեջ եւ քաղաքական ուժերի շրջանում: Բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն այլեւս այն չէ, ինչ եղել է մինչեւ ապրիլը: Խոսքը նրա մասին չէ, որ պետք է հասնենք կոնսենսուսի: Այսօր խնդիրը շատ ավելի լուրջ է: Պետք է հասկանանք, որ հայտնվել ենք մի ծանր միջավայրում, որտեղ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար լրջագույն սպառնալիքներ կան: Երեկ տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի առնչությամբ չեմ ուզում հռետորական եզրահանգումներ անել, բայց չեմ բացառում, որ կարող ենք բախվել ահաբեկչության խնդրին, որին Հայաստանն անծանոթ էր»,-ապրիլի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում ԸՕ նախագծի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց պարոն Զուրաբյանը:
Նրա բնորոշմամբ` վտանգներին հնարավոր է դիմակայել միայն մեկ դեպքում, եթե շատ արագ լուծվեն արդյունավետ պետության ստեղծման. «Դա ավելի լայն խնդիր է, քան ընտրական գործընթացը: Մեր մոտեցումը հետեւյալն է` այսօր ՀՀ իշխանությունը պետք է սթափվի եւ գիտակցի` կամ օգտագործում են այն հնարավորությունը, որը ստեղծվել է եւ անցնում են ժողովրդավարության, կամ բոլոր հետեւանքների պատասխանատուն դառնում են իրենք, որովհետեւ ակնհայտ է, որ դիմակայելու միակ ձեւն այն է, որ կարողանան ստեղծել այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է: Վերջինս երկար ժամանակ ապրելով թշնամական միջավայրում եւ ունենալով պետական անվտանգությանը սպառնացող խնդիրներ, կարողանում է արդյունավետ պետական կազմակերպման միջոցով դիմակայել այդ գործոններին: Իսրայելցիներն այդ պետությունն ընկալում են որպես իրենց պետությունը, որտեղ կան ժողովրդավարություն եւ ազատ ընտրություններ, իսկ բոլորը պատասխանատու են իրենց բախտի համար:
Եթե ՀՀ-ն շատ արագ անցում չկատարի ժողովրդավարության, մենք ծանրագույն հետեւանքների առաջ կանգնած կլինենք: Դրա համար հարց եմ տալիս իշխանություններին` ի՞նչ է նշանակում չգնալ կոնսենսուսի: Դեռ հույս ունեք, որ իշխանությունը պահպանելո՞ւ եք, դա հարցականի տակ է: Դուք այսօրվանից պետք է հասկանաք, որ 2017թ. պետք է դառնա ժողովրդավարական անցման տարի: Այո, իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին:
Զարմանում եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կարող են հին մեթոդներով պահպանել իշխանությունը: Երեւի իշխանությունը դեռ տաք է, որ անզիջում պահվածք է ցուցաբերում մեր բանակցություններում: Մեր առաջարկն է` շատ արագ կոնսենսուս կայացնել ԸՕ բանակցություններում, որովհետեւ պետության հանդեպ վստահությունը վերականգնելու ամենակարճ ճանապարհը սա է»,-եզրափակեց Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ