Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում

Ապրիլ 26,2016 13:23

Ապրիլի 22-ից 24-ը Դամասկոսում, հայկական երեք համայնքապետերի հովանավորությամբ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի՝ Դամասկոսի և Երիտասարդական հանձնախմբերի կազմակերպությամբ տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառումները:

Ապրիլի 22-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցում, նահատակների հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակման արարողություն և սրբապատկերի օծում, որից հետո «Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներ»-ի անունը կրող հրապարակից սկսվեց մոմավառության քայլարշավ դեպի Դամասկոսի հայ կաթողիկե առաջնորդարան:

Այնուհետև, Հայ կաթողիկե եկեղեցու «Ամինյան» սրահում տեղի ունեցավ գրական-թատերական երեկո՝ նվիրված հայ նահատակների հիշատակին, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Դամասկոսի հայ համայնքի ղեկավարները և Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:

Ապրիլի 24-ին Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում` առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի գլխավորությամբ և դեսպան Փոլադյանի ու հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և Հայոց սուրբ նահատակների հիշատակում՝ նրանց նվիրված հուշարձանի առջև: Արարողությունից հետո Դամասկոսի հայ ազգային կառույցների ղեկավարները, ավանդույթի համաձայն, այցելեցին Սիրիայում ՀՀ դեսպանություն:

Նույն օրը երեկոյան Սիրիայում Հայոց ցեղասպանության հանձնաժողովի կազմակերպությամբ, Դամասկոսի «Ասադի» անվան օպերայի մեծ դահլիճում, Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Խալիլի հովանավորությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված «Շնորհակալ եմ քեզ, Սիրիա» խորագիրը կրող միջոցառումների փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը, մշակույթի նախարար Իսամ Խալիլը, բնապահպանության նախարար Նազիրա Սարգիսը, Սիրիայի ԺԺ բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական և կուսակցական գործիչներ, ԱԳՆ պաշտոնյաներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագետներ, սիրիահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում հնչեցին քաղվածքներ Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերից, ցուցադրվեցին Եղեռնի տարբեր թեմաներ լուսաբանող տեսաֆիլմեր: Ելույթներով հանդես եկան Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալպանտյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Արժանապատիվ Գերապայծառ Հովսեփ Արնաուտյանը, սիրիացի մտավորական, հասարակական-մշակութային գործիչ, Սիրիայի ԺԺ անդամ, դոկտոր Նաբիլ Տոոմեն:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոյին ելոյթով հանդես եկավ նաև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով բարձր գնահատեց սիրիացիների դերը հայերի համար դժնդակ այդ ժամանակաշրջանում հայ բռնագաղթվածներին օթևանելու և փրկելու գործում: Դեսպանը նաև խիստ քննադատության ենթարկեց Օսմանյան կայսրությունում արևմտահայության ֆիզիկական բնաջնջման հրեշավոր ծրագիրը և թուրքական վարչակարգերի կողմից տասնամյակներ շարունակվող ժխտողական քաղաքականությունը:

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին դեսպան Արշակ Փոլադյանի կողմից վերջերս հեղինակած հերթական գրքի շնորհանդեսը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930