Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ, անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ ըստ անհրաժեշտության հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:
37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:
Կարդացեք նաև
Այս պահի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատահարից վիրավորված քաղաքացիներից շարունակում են բուժումը երկու կին: Ականջի թմբկաթաղանթի վնասվածք ստացած տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ևս մեկ տուժած պատրաստվում է դուրս գրման:
ՀՀ առողջապահության նախարարություն