Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր զարմանքն արտահայտեց, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքից անցել է ավելի քան 12 ժամ ու պատկան մարմինները մինչ այժմ ոչ մի պաշտոնական վարկած առաջ չեն քաշել ու տեղեկատվություն չեն տվել. «Պաշտոնական տեղեկատվության վստահելիության աստիճանի պրոբլեմի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել»:
Նա դժգոհեց, որ մարդիկ այսօր ավելի շատ տեղեկատվություն ստանում են սոցցանցերից, «իսկ պաշտոնական մարմինները հետեւից հաստատելով գալիս են»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ուժային կառույցների ղեկավարները դեպքի վայրում են եղել գիշերը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Ինչո՞ւ պիտի մենք Երեւանում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին առաջին տեղեկատվությունը ստանանք ռուսական մամուլից, որոնք ինչ վարկած ասես փնտրում են՝ տեռորիստական ակտ: Ինչո՞ւ պատկան մարմինները հստակ ու սպառիչ տեղեկատվություն չեն տալիս, որպեսզի ռուսական ԶԼՄ-ներն էլ ահաբեկչական ակտի վարկածը չշրջանառեն»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ դուք շատ եք սիրում հղում անել մամուլին՝ որպես նախկին լրագրող, բայց այս իրավիճակում հղում մի արեք մամուլին: Հղում արեք պաշտոնական մարմիններին: Ավելորդ զգացունքներ եկեք չանենք մեր դահլիճում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ