Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. «Մենք բանան ենք ուզում, մեզ բողկ են առաջարկում»

Ապրիլ 26,2016 13:06

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայ Ազգային Կոնգրեսն ԱԺ-ում առկախեց իր մասնակցությունն Ընտրական օրենսգրքի քննարկմանը: Ապրիլի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում ԸՕ շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեկնաբանեց կուսակցության որոշումը` ասելով. «Եթե հանրությանը հուզող հինգ պահանջների շուրջ իշխանությունը չի գնում զիջման, երկրորդական հարցեր քննարկելն անիմաստ ենք համարում: ԱԺ-ում երկրորդական հարցեր պետք է լուծե՞նք…

Մենք կենտրոնանում ենք կոնսենսուսի կառուցման խնդրի վրա: Իրականում դա կարող է թվալ անիրականանալի, բայց կարծում եմ` բոլոր հիմքերը կան` կոնսենսուսը կառուցելու համար: Ուղղակի բոլորը պետք է սթափվեն եւ հասկանան, որ մեր պետությունը եւ ժողովուրդը վտանգված են»:

Զուրաբյանի խոսքով` իշխանությունը հինգ կետերի շուրջ միայն մեկի հարցում է քիչ թե շատ լուրջ քայլ կատարել. «Ցուցակների հրապարակման առնչությամբ առաջարկել են, որ էլեկտրոնային համակարգը բոլոր ընտրողների համարները հրապարակի: Սա լուրջ քայլ է, բայց ոչ բավարար: Մի քայլ էլ է պետք: Պետք է թույլ տալ, որ ցանկացած մարդ, դիտորդ եւ լրագրող կարողանա լուսանկարել ստորագրված ցուցակները: Եթե սա անեն, առաջին կետով համաձայնություն կլինի: Դրան հասնելուց հետո վստահ եմ, որ այլ կետերի շուրջ էլ կարող ենք համաձայնության գալ, օրինակ` վրացական տարբերակով ցուցակները մաքրելը: Ուղղակի իշխանությունը պետք է դադարեցնի սաբոտաժը: Երբ իշխանությունը հրաժարվում է մասնակցել ցուցակները մաքրելու գործին, դա սաբոտաժ է: Եթե իշխանությունն ասի, որը պատրաստ է այս կետը լուծել եւ եթե հայտարարի, որ պատրաստ է լուծել տեսախցիկներ տեղադրելու խնդիրը, մենք կարող ենք վերսկսել 4+4+4 ձեւաչափով բանակցությունները: Դա կնշանակի, որ իրենք լուրջ են մոտենում գործընթացին: Արեք նման քայլ եւ մենք պատրաստ կլինենք արդյունավետ բանակցությունների վերսկսմանը: Փակ եւ բաց ցուցակների դեպքում էլ իշխանությունը զիջումներ չի ուզում անել: Ուզում են, որ ոմանք շարունակեն իշխանության համար ձայներ հավաքել` օգտագործելով իրենց օլիգարխիկ հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելուն եւ ընտրական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակելուն, Լեւոն Զուրաբյանը մեջբերեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի առաջարկը:  Հիշեցնենք` նա ասել էր, որ ուղիղ հեռարձակման դեպքում կապի խնդիրներ կառաջանան, եւ եթե գտնվի դոնոր կազմակերպություն եւ կֆինանսավորի տեսախցիկների տեղադրումը եւ տեսագրության ապահովումը, առաջարկը կընդունվի, իսկ տեսագրությունն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրագրողներին կամ իրավապահներին:

Զուրաբյանն այս մոտեցումն այսպես մեկնաբանեց. «Մենք բանան ենք ուզում, մեզ բողկ են առաջարկում… Մենք չենք կարծում, թե սա կարելի է համարել կոնտր-առաջարկ, մենք նման կարծիք չունենք, նման կոնտր-առաջարկը սպանում է բուն առաջարկը: Մենք խոսել ենք մեր օպերատորների հետ, նրանք կարող են համապատասխան կապ ապահովել, եւ բոլոր տեղամասերից հնարավոր է ուղիղ հեռարձակում իրականացնել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930