Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Մալխասյան. «Ունեցել եմ 3 երազանք, որոնք կատարվել են, 4-րդն էլ կատարվեց, իսկ 5-րդի մասին դեռ կլռեմ»

Ապրիլ 26,2016 12:53

Լեւոն Մալխասյան. ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Ծնվել է 1945թ. Երևանում: 1952-62թթ. սովորել է Ալ. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, ապա 1962-67թթ. ուսանել Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ: Եղել է կանադացի վիրտուոզ Օսկար Պիտերսոնի աշակերտը: Ելույթ է ունեցել տարբեր խմբերում, բեմ է դուրս եկել ավելի քան 40 երկրներում: 1960թ. Արմեն Թութունջյանի և Արթուր Աբրահամյանի հետ ստեղծել է ջազային եռյակ: 1968թ. Երևանում կայացած Համամիութենական փառատոնին ստացել է 1-ին կարգի մրցանակ: Լավագույնն է ճանաչվել նաև 1970թ. Կույբիշևում տեղի ունեցած Համամիութենական փառատոնին` վերստին արժանանալով 1-ին կարգի մրցանակի:

 -Դեռևս վաղ տարիքից նվագել եք տարբեր խմբերում, սակայն հատկանշականն այն է, որ առանց երաժշտական կրթություն ունենալու:Ինչպե՞ս եղավ այս ասպարեզում դառնալ սիրվածն ու ջազը ներկայացնողներից:

-Այո, ինչպես նշեցիք ես երաժշտական կրթություն չեմ ունեցել: Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Սակայն իմ կյանքում կան հետաքրքիր պատմություններ և հետաքրքիր մարդիկ, որոնց շնորհիվ ես կարողացել եմ նվագել: Օսկար Պետերսոնն ինձ համար եղել է թե՛ երաժշտական դպրոց, թե՛ ամեն ինչ: 16-17 տարեկան հասակում նվագել եմ տարբեր խմբերում : Պետք է նշեմ, որ այդ ժամանակաշրջանում իսկապես շատ խմբեր կային, սակայն 60-ականների սկզբներին ստեղծեցինք ջազ-եռյակ, որն, ի դեպ, որոշ ժամանակ անց վերանվանվեց քառյակ:Արդեն 50 տարի է ջազում եմ և ինչպես նշեցիք առանց երաժշտական կրթությամբ, սակայն իմ կյանքում դա ինչպես տեսնում եք էական դեր չի ունեցել: Առաջին հերթին պետք է ջազ սիրես և ինքդ քեզ վրա աշխատես: Ջազը այնպիսի ժանր է, որտեղ եթե չաշխատես , ապա ոչ մի բան չի ստացվի:

-Ինչպիսի՞ զարգացում է ունեցել Ձեր երաժշտական ուղին:

-1966թ-ից նվագել եմ «КМО-67», «Կռունկ», «Սերպանտին», «Ծիածան» խմբերում: Նվագել եմ նաև երևանյան բազմաթիվ ռեստորաններում, ակումբներում` «Ախթամար», «Դվին», «Անի», «Արաքս», «Մասիս», «Կռունկ» և այլն: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնադրեցի ջազ ակումբ, որին ներգրավված էին գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպվել են նաև բազմաթիվ ջազ-փառատոներ, այդ թվում` 1985թ. և 1986թ. հայկական համամիութենական ջազ փառատոները` Գեղագիտական կենտրոնի և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ: 1997-2006թթ նվագել եմ «Պապլավոկ» սրճարանում, որտեղ եղել եմ նաև արվեստի մենեջերը: 1998թ. Երևանում կազմակերպեցի առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան հրավիրեցի համաշխարհային ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն: 2006թ. դարձա «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն եմ նաև ես:

 -Նվաճելով այդքան բարձրունքներ՝ դեռ հաջորդ երազանքն էլ ունե՞ք:

-Ես ունեի երեք երազանքներ, որոնք բոլորն էլ իրականացան: Առաջին երազանքս էր՝ մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ ես սկսել եմ նվագել: Դա ինձ հաջողվեց 1990 թվականին: Երկրորդ երազանքս էր՝ ամերիկյան մեգաաստղերի հետ միասին Երևանում անել միջազգային ջազ-փառատոն: Դա մի քանի անգամ հաջողվեց անել: Իսկ երրորդ երազանքս էլ սեփական ջազ ակումբ ունենալն էր: Դա ևս հաջողվեց: Հաջորդը «Համահայկական միջազգային ջազ-փառատոն», հինգերորդ երազանքս էլ չեմ ասում, քանի որ ձուկը դեռ ջրում է …

-50 տարի է արդեն նվագում եք, ինչը ահռելի թիվ է, մինչ այժմ ունեցե՞լ եք պաշտոն:

-Երբե՛ք: Ասեմ ավելին, ես անգամ աշխատանքային գրքույկ չունեմ: Աշխատել եմ տարբեր տեղերում ՝ բար, ռեստորան, կաֆե և բավականին երկար ժամանակներ, սակայն ինչպես նշեցիք, ինձ համար պաշտոն զբաղեցնելը եղել է երկրորդական բան: Ես միայն արել եմ այն, ինչը որ սիրել եմ, իսկ իմ սիրած աշխատանքի համար ինձ բնավ էլ ստաժ հարկավոր չէ: Բայց զարմանալին այն է, որ մի օր կինս հիշեցրեց, թե ես աշխատանքային գրքույկ անգամ չունեմ: Սկզբից իմ ծիծաղն էլ եկավ, բայց դա ինձ համար նշանակություն չունեցող մի բան էր: Միշտ նվագել եմ, հաճույք ստացել իմ աշխատանքից ու երբեք չեմ մտածել ստաժի մասին:

-Բազմաթիվ արվեստագետներ թեկուզ այդ ստաժն ունենալու համար մեկնեցին արտերկիր, կասե՞ք , թե ո՞րն է պատճառը , երբ Ձեզ տարբեր հրավերներ կան, սակայն միշտ Հայաստանում եք:

-Իմ երկրից չգնալը դա ունի իր պատճառը: Ես երբեք չեմ կարող ապրել առանց Երևանի: Որ օրը ես ապրում եմ առանց Երևանի, այդ օրն ինձ համար կարող է համարվել կորցրած օր: Ցանկացած ժամանակ, երբ ես մեկնել եմ այլ երկրներ համերգների, անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակով միևնույնն է, երբ լրացել է 13-րդ օրը ես այլևս ոչինչ հաշվի չառնելով ասել եմ ինձ հետդարձի տոմսը տան, որպեսզի ետ գամ Երևան: Անգամ եթե դա այնպիսի տեղ է, որտեղ ես պետք է մնայի ավելի երկար ժամանակաշրջան, միևնույնն է, հենց լրանում է 13-րդ օրը, արդեն բոլորը գիտեն, որ ես պետք է ետ վերադառնամ:

Levon Malxasyan-Երևանցիներին տեսնելիս ճանաչեք, թե չճանաչեք ձեռքով բարևում և ժպտում եք: Դա խոսում է այն մասին, որ Դուք երևանցիներին շա՞տ եք սիրում, թե ամեն գնալ գալուց հետո սկսում եք կարոտել:

-«Այ բալամ», երևանցիներս բոլորս իրար ընկեր ենք: Բոլորս մի քաղաքում ապրած մարդիկ ենք: Եթե բոլորին ժպտում կամ համբուրում եմ, բոլորն իմ հարազատ մարդիկ են: Այո՛, ցանկացած երևանցի նաև իմ հարազատն է:

 -Կցանկանայի՞ք ինչ-որ բան ավելացնել:

-Քանի որ ապրիլի 30-ին ջազի համաշխարհային օրն է, այդ օրը Կասկադում կազմակերպել ենք մեծ համերգ, որին ներկա կլինեն ջազի լավագույն ներկայացուցիչներ: Մեծ սիրով կսպասեմ ապրիլի 30-ին, երեկոյան ժամը 20-ից մինչ 24-ը՝ Կասկադում միասին նշելու ջազի համաշխարհային օրը:

Դիանա ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930