Այսօր ԱԺ-ում ցավակցություն հայտնեցին Հալաբյան փողոցում ավտոբուսի դժբախտ պատահարի 2 զոհերի հարազատներին եւ առողջություն մաղթեցին վիրավորներին:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խոսել է առողջապահության նախարարի հետ, հիվանդների վիճակը կայունանում է:
«Հրազդան ցեմենտ ՓԲԸ-ին» սոցիալական ապահովագրության վճարներից ազատելու եւ հարկային արտոնություն տալու մասին կառավարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բորբոքվեց. «Տույժերը հանելը վաճառքի հետ կապ չունի: Վաճառքը կարելի է անել, տույժերը չհանել: Սա խայտառակություն է՝ ինչ մեզ ներկայացվում է, սո՛ւտ: Ծախեք առանց տույժերի: Տույժերը պետք է վճարի Միխայիլ Բաղդասարովը: Բաղդասարովը 2003-ին սեփականաշնորհում է Խնայբանկը, 2 տարի հետո ծախում է այդ նույն Խնայբանկը 30 մլն դոլարով ՎՏԲ-ին: Լինելով ՎՏԲ-ի պրեզիդենտը, ինքը իրան վարկ է տալիս ու հետ չի վճարում այդ վարկը: Հիմա դուք էլ պարտակում եք այդ հանցագործությունը»:
Հրանտ Բագրատյանը պնդեց, որ ԿԲ երկու նախագահներն էլ իմացել են, որ նման վարկ չի կարելի տալ, ու փոխանակ այդքանից հետո պարտքերը, տույժերը թողնեն Բաղդասարովի վրա՝ պետությունն իր վրա է վերցնում դա:
Կարդացեք նաև
Բագրատյանի բողոքին միացավ նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ «Ով ուզում է գալիս է, երկիրը թալանում է, հետո վեր է կենում, ասում է՝ ցտեսություն, ես գնացի: Միխայիլ Բաղդասարովի օդի տուրքը հիշենք, որի տակ կքած էր երկիրը տարիներ շարունակ: Պեղեք, գտեք, թող գա, կրի պատասխանատվություն»:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հարցը առանձին խմբակցություններով քննարկելու եւ որոշում կայացնելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ