Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվ մենք էլ կկարողանանք մեր դրախտը ստեղծել այս հողում

Ապրիլ 26,2016 22:00

«Մեր արժեքները համամարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ո՛չ բանակները, ո՛չ ատելությունը, ո՛չ հետապնդումները, ո՛չ սովը. ոչինչ»: Այս խոսքերի հեղինակը աֆրիկյան Բուրունդի պետությունում ծնված մի հրաշալի կին է՝ Aurore Prize-ի դափնեկիր, հումանիստ Մարգարիտ Բարանկիտսը:

Սակայն նա լքել է իր հայրենիքը: Ապրիլի 24-ը նրա համար խորհրդանշական օր է, այդ օրն է նա ստիպված լքել Բուրունդին եւ դարձել փախստական: Ահա նա ինչ է ասում. «Հուսով եմ, որ այս պարգեւը մի օր ինձ համար կվերածվի հետադարձ տոմսի դեպի Բուրունդի, եւ ես կկարողանամ դրախտ ստեղծել այս հողի վրա: Հիմա դա մի երկիր է, որտեղ սպանում են երեխաներին, բռնաբարում մայրերին: Նախագահը ստեղծել է ոստիկանություն, որը սպանում է բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն նրա՝ երրորդ ժամկետում վերընտրվելուն»:

Այս խոսքերը տիկին Մարգարիտը բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ապրիլի 24-ին կայացած աննախադեպ արարողությանը, երբ նրան արժանին մատուցվեց, եւ նա արժանացավ այդ միջազգային պատվավոր մրցանակին:
Իհարկե, Հայաստանը Բուրունդի չէ՝ թեկուզ այնքանով, որ այստեղ նախագահը չի ստեղծել մի ոստիկանություն, որը սպանում է երեխաներին, բռնաբարում մայրերին, ինչ է թե մարդիկ դեմ են նրա երրորդ ժամկետին, այն է՝ իշխանության վերարտադրությանն անօրինական եղանակներով: Սակայն սա միայն երեւույթի բիրտ դրսեւորումն է, իսկ երեւույթը նույնն է: Իհարկե, 1995 թվականից ազատ եւ արդար ընտրություններից զուրկ Հայաստանում այդ վերարտադրության խնդիրն ավելի «քաղաքակիրթ» ձեւերով է լուծվում, եւ մինչ օրս անպատիժ մնացած «Մարտի 1»-ն էլ իր դաժանությամբ բացառություն էր, այլ ոչ թե օրինաչափություն, բայցեւայնպես, ինչպես տեսնում ենք, խնդիրը նույնն է, եւ այնպես չէ, որ կարելի է եւ պետք է մխիթարվել նրանով, որ չեն բռնաբարում, բայց, ասենք, ԱԺ հայտնի պատգամավորը կարող է դա հրապարակայնորեն եւ անպատիժ խոստանալ, կամ չեն սպանում ընդդիմախոսներին, բայց խմբով կարող են հարձակվել դիտորդի վրա ընտրությունների ժամանակ, երբ «շեֆի» արդյունքներն այնքան էլ հուսալի չեն: Կամ էլ ոստիկանությունը չի սպանի եւ չի բռնաբարի, բայց փողոցում կարող է մի լավ, ասենք, քաշքշել եւ նվաստացնել կնոջը, իսկ ցուցարարներին՝ ծեծել «վոռոնոկ»-ի մեջ եւ լրագրողի տեսախցիկը խփել ասֆալտին, որից հետո տալ «գիտական» բացատրություններ:

Ապրիլքսանչորսյան «Ավրորա» արարողությանը համամարդկային արժեքների մասին դրանց իրական կրողների շուրթերից հնչած խոսքերը շատ հուզիչ էին, իսկ պատմությունները՝ ուսանելի եւ իրոք որ՝ հերոսական: Բայց մյուս կողմից՝ դա մի սառը ցնցուղ էր Հայաստանի թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դասի համար, իհարկե, եթե ոչ՝ համամարդկային, բայց գոնե պարզ մարդկային ընկալումները եւ զգացմունքներն իսպառ վերացած չեն: Տիկին Բարանկիտսը լքել է իր հայրենիքը, որի պատճառը ցեղասպանության սպառնալիքն է: Իսկ ո՞վ ունի հստակ պատասխան. իսկ ինչո՞ւ են Հայաստանը լքում, մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս չարիք դարձած արտագաղթը:

Դե, իսկ համամարդկային արժեքները, որի մասին խոսում է Մարգարիտ Բարանկիտսը, Հայաստանում մենք տեսնում ենք կուսակցական ծրագրերում, պետական օրենքներում եւ այլ հիմնարար փաստաթղթերում, սակայն այդ արժեքների նկատմամբ, մեղմ ասած, «այլընտրանքային» մոտեցումները մենք ունկնդրում ենք տարբեր գործիչների շուրթերից, որոնք դեմքներին կիսելյովյան «համոզված-համոզիչ» արտահայտություն հաղորդելով՝ փորձում են մեզ համոզել, թե դա հակասում է մեր, չգիտեմ, «ավանդական», «պապենական» կամ «հայեցի» բարոյական կերպարին: Էլ ավելորդ է հիշեցնել այն սահմռկեցուցիչ «կրկեսը», որն օրումեջ «ցուցադրում» է մեր ռազմավարական դաշնակիցը իր օրենսդիր մարմնում՝ Պետդումայում, իսկ ՌԴ մշակույթի նախարարն էլ Հայաստանում գործող մի լրատվամիջոցով ավետում է, որ համամարդկային արժեքները «հյուսիսատլանտյան քարոզչության բորբոքված մտքի արգասիքն են»: Եվ այսպիսի «արժեհամակարգը» մեր դաշնակիցն անարգել հրամցնում է հասարակությանը հեռուստատեսության միջոցով…

Մի կողմից՝ Երեւանը դառնում է հումանիստական գործունեության համար միջազգային մրցանակի հետ ուղղակի ասոցացվող, միջազգային համբավ ձեռք բերող մայրաքաղաք, մյուս կողմից՝ այդ համբավը դեռ պետք է արդարացվի, ապացուցվի եւ պահպանվի: Եվ հաշվի առնելով հայտնի իրողությունները՝ այստեղ մի մեծ անջրպետ կա, որի հաղթահարումն ուղղակի ազգային եւ պետական արժանապատվության խնդիր է դառնում: Ակնհայտ է դառնում նաեւ, որ որքան էլ անդյուրաշարժ, իսկ ոմանց պարագայում նաեւ՝ անհույս է իշխանությունը, բայց գոնե հասարակական ընկալումներում առկա է հստակ երկընտրանքը. կա՛մ համամարդկային արժեքներ, կա՛մ «եվրասիական» կրկես՝ իր բոլոր «ավանդական», «պապենական» կամ «հայեցի» բաղկացուցիչներով:

Տիկին Մարգարիտը երազում է վերադառնալ Բուրունդի եւ այդ հողում դրախտ կառուցել, եւ թող Աստված օգնի նրան: Իսկ մեզ էլ մնում է սկսել նրանից, որ դադարենք զբաղվել ինքնախաբեությամբ, եւ մենք հաստատ կարող ենք, ինչպես Չերչիլն էր ասում՝ թույլ չտալ, որ մեր երկիրը վերածվի դժոխքի:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930