Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ֆելգենգաուեր. «Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել». «168 ժամ»

Ապրիլ 26,2016 12:07

Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնամասշտաբ գործողությունների վտանգը չի վերացել, քանի որ հակամարտության քաղաքական խնդիրները լուծված չեն, կողմերը պատրաստ չեն զիջումների, հակամարտության կողմ հանդիսացող երկրներում կան քաղաքական մի շարք ներքին խնդիրներ, Արևմուտք-ՌԴ լարվածություն ևս կա, թեև դա մեղմվել է Ջոն Քերիի Մոսկվա կատարած այցից հետո։

Ըստ նրա, Մոսկվան լինելով հակամարտության ամենաակտիվ միջնորդներից մեկը՝ նպատակ ունի այս պահին մեղմել կողմերի ջանքերի շնորհիվ մեծացած վտանգը, քանի որ Ռուսաստանին ներկայումս նման լարվածություն, առավել ևս՝ պատերազմ Կովկասում պետք չէ։ «Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել։ Այո, Մոսկվան զենք է վաճառել, որի պահանջարկը եղել է, Մոսկվան պահել է կողմերի միջև հավասարակշռությունը, միանշանակ է նաև այն, որ եթե կա զենքի պահանջարկ, այն գնվում է, ապա նաև օգտագործվում է, Մոսկվան ցանկացել է պահպանել իր ազդեցությունը, առանց այդ ազդեցության պահպանման, զենք գնվելու էր այս հակամարտության գոտում և օգտագործվելու։

Տպավորություն ունեմ նաև, որ Մոսկվան և Արևմուտքն այսօր համաձայնեցված են գործում, քանի որ Սերգեյ Լավրովն իր խոսքում բազմիցս հղում կատարեց ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության անելիք քայլերին, ինչը կարևոր էր։ Այս դեպքում, կարծում եմ, որ իր ազդեցությունն ունեցավ նավթի լուրջ գնանկումը, իսկ Հայաստանում ներքաղաքական զարգացումները։ Մոսկվան խնդիր ունի մեղմել պատերազմի սպառնալիքը, ու կարծում եմ՝ այս փուլում դա դեռ չի հաջողվում՝ դատելով Սերգեյ Լավրովի երևանյան այցից ու դրա ընթացքում հնչած հայտարարություններից»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։

Վերջինիս դիտարկումներով՝ Մոսկվան կրկին բանակցային սեղան է փորձում բերել Կազանի փաստաթուղթը, որն ադրբեջանական կողմը տապալել էր՝ իր շուրջ մեկ տասնյակ փոփոխությունների առաջարկով։ Սա, ըստ Ֆելգենգաուերի, փորձ է արվելու համատեղել 1994– 1995թթ. պայմանագրերի հետ, քանի որ, ըստ էության, այդ պայմանագրերը հակամարտության բոլոր կարևոր բաղադրիչներին անդրադառնում են։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930