Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան էր ժամանել ավելի քան 400 մարդ՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար

Ապրիլ 26,2016 12:04

Երեւանյան իրադարձություններին մասնակցելու էին եկել մարդասիրական գործի համաշխարհային առաջամարտիկներ, գիտնականներ, մեդիափորձագետներ եւ նախկին պետական գործիչներ՝ պատվելու մարդկայնությունն ու քննարկելու հումանիտար ոլորտի ներկայիս ամենահրատապ մարտահրավերները։ Ավրորա մրցանակաբաշխությունը դարձավ այս ամենի գագաթնակետը։

Այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երեւան էր ժամանել ավելի քան 400 մարդ՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությանը եւ դրա հետ կապված միջոցառումների շարքին մասնակցելու համար։ «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Խաղաղության տուն» վերականգնողական կենտրոն եւ REMA հիվանդանոց), որն իր հերթին մեկ միլիոն դոլարի գլխավոր մրցանակն ուղղորդեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմադրամին եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամին (Լյուքսեմբուրգ)։

Սերժ Թանկյանի եւ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մեծարումի արժանացավ այն անձնվեր գործը, որը կատարել են մրցանակի չորս հավակնորդները՝ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Խաղաղության տուն» վերականգնողական կենտրոն եւ REMA հիվանդանոց), Դոկտոր Թոմ Քաթինան (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բեռնար Կինվին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։

«Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության հատուկ առիթով երեք մյուս հավակնորդները՝ Դոկտոր Թոմ Քաթինան (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բեռնար Կինվին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր) յուրաքանչյուրը պարգեւատրվեցին 25,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ իբրեւ օժանդակություն այն կազմակերպություններին, որոնք նրանց ոգեշնչել են գործի։

Արարողության ընթացքում ներկայացվեց նաեւ Լրագրողների միջազգային կենտրոնի՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ սահմանված «Սկզբունքային լրագրության» նոր մրցանակը, որը նախատեսված է հումանիտար ճգնաժամերի վրա մարդկության ուշադրությունը հրավիրելու գործին նվիրում ցուցաբերած լրագրողների համար։ Մրցանակը հանձնվեց The New York Times թերթի թղթակից Ռուկմինի Կալիմաչիին՝ մարդկայնության դեմ իրականացվող ոճիրների բացահայտման գործում ցուցաբերած բացառիկ ներդրման համար։

Ավելի վաղ, մարդասիրական համաշխարհային հանրույթի ներկայացուցիչները մասնակցեցին Aurora Dialogues («Ավրորական երկխոսություններին»)՝ մեկօրյա համաժողովին, որը հատուկ կազմակերպվել էր՝ աշխարհում ներկայումս տեղի ունեցող հումանիտար ամենահրատապ մարտահրավերները հնարավորինս խորը քննարկելու եւ դրանց մասին բարձրաձայնելու համար։ Մասնակիցների թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մի շարք անդամներ, այս թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին, մարդու իրավունքների գծով փաստաբան եւ Իրանի առաջին կին դատավոր Շիրին Էբադիին եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը։ Քննարկումների թեմաները ներառեցին մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկայիս վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Aurora Dialogues –ի ընթացքում ներկայացվեցին հատուկ պատվիրված սոցիոլոգիական հետազոտության հետազոտության՝ Humanitarian Index-ի արդյունքները, որն ուսումնասիրում էր հումանիտար հիմնախնդիրների վերաբերյալ հանրային ընկալումները։ Հարցումն իրականացվել է 4,600 անձանց շրջանում եւ վեց պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Քննելով հարցվողների տեսակետները ճգնաժամերի դեպքում միջազգային միջամտության ու պատասխանատվության շուրջ՝ հետազոտությունը փախստականների համաշխարհային ճգնաժամի հարցում ընկալումների եւ իրականության միջեւ մեծ խզում է երեւան հանել։

«Ավրորա» մրցանակը հիմնադրվել է 100 LIVES համաշխարհային նախաձեռնության կողմից։ Այն մեկնարկել է անցյալ տարի՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օգնել են հայությանը գոյատեւել։ 100 LIVES-ը մեծարումի է արժանացնում մարդկային ոգու տոկունությունը՝ ճանաչում շնորհելով այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք մեր օրերում ցուցաբերում են անձնազոհության միեւնույն ոգին՝ օգնելով այլոց գոյատեւել եւ հասնել բարօրության։

Այլ կարեւոր իրադարձություններ՝

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահող Ջորջ Քլունին այցելեց UWC Dilijan քոլեջ, որտեղ հանդիպեց դպրոցի՝ 61 երկրներից հավաքված աշակերտական կազմի հետ։

«Ավրորա» մրցանակի հավակնորդներն ու Ընտրող հանձնաժողովի անդամները Ծիծեռնակաբերդում մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, որից հետո այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Հայտարարվեց Միջազգային փրկարարական կոմիտեի (IRC) եւ 100 LIVES նախաձեռնության գործընկերության սկզբի մասին, ինչի արդյունքում կֆինանսավորվի հետազոտական մի ծրագիր, որն IRC-ին թույլ կտա դրամական միջոցների վստահելի եւ վերահսկելի բաշխման միջոցով կենսական օժանդակություն ցուցաբերել Սիրիայում հակամարտությունից տուժածներին։

«Ավրորա» մրցանակի, ընտրական գործընթացի, չորս հավակնորդների եւ նրանց պայքարի, մրցանակի ներշնչման աղբյուրի, հիմնադիրների կենսագրությունների, միջոցառումների լուսանկարների, տեսագրությունների եւ հավելյալ այլ տեղեկությունների համար կարող եք այցելել www.auroraprize.com կայքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930