Վարդենիսում արված հարցումների արդյունքում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ըստ լուրերի՝ այսօր Սոթքի ոսկու հանքից հանքանյութ հանելու թույլտվություն ունեն «բանդայի» ղեկավար Հրաչ Մանուկյանը եւ վերջերս բանտից նոր դուրս եկած Ռաֆայել Թադեւոսյանը՝ Մեմիրի Ռաֆոն։ Ու հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի Ռաֆայելը «խաղից դուրս գա», որեւէ պատճառով դարձյալ բանտարկվի, որպեսզի Հրաչ Մանուկյանը Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի լուռ համաձայնությամբ շարունակի հանքանյութ հանել խորշերից ու ըստ ծրագրվածի՝ բաժանել՝ մի մասն էլ, բնականաբար, իրեն պահելով։
Այս հողի վրա, ըստ տեղեկությունների, Հրաչ Մանուկյանի եւ Ռաֆայել Թադեւոսյանի «աշխատակիցների», իսկ ավելի կոնկրետ՝ զինված «բանդայի» անդամների միջեւ անցած մեկուկես ամսում երկու արյունալի բախում է եղել, մանրամասներն առայժմ չենք հրապարակում։
Վիրավորներից մեկը անգամ Երեւան է տեղափոխվել՝ հիվանդանոց։ Սակայն ոստիկանապետ Ղամբարյանը անհասկանալի կամ կանխատեսելի պատճառաբանությամբ այդ իրադարձություններին իրավական ընթացք չի տվել, այդպիսով նաեւ չի կանխել ու նախականխել հաջորդ հանցանքը։
Ավելին՝ նա մշտապես իր վերադասին Վարդենիսի քրեական իրավիճակի մասին սխալ տվյալներ է զեկուցել՝ անվերջ գործերը կոծկելով։ Ի
սկ հերթական առավել արյունալի բախումը՝ արդեն կրակոցներով ուղղորդված, տեղի ունեցավ ապրիլի 24-ին՝ Սուրբ Վարդան կոչվող սրբավայրում։ Ոսկու հանքանյութերը կիսելու շուրջ խոսակցությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է կրակոցներին, ու վիրավորվել է Վահե Մանուկյանը։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում