Մինչ չկար պայթյունի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն, սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին ահաբեկչության հնարավորության մասին։ Գերակշռող տեսակետն այն էր, որ ներկայիս իրավիճակում ահաբեկչությունը կարող էր կազմակերպված լինել նախ եւ առաջ դրսի ուժերի կողմից։ Ընդ որում, ոչ միայն ադրբեջանա-թուրքական կամ անգամ ԻԼԻՊ-ի, այլեւ այս պատերազմական փուլում Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ քաղաքական կենտրոններից մեկի։
Ուշագրավ է, որ պակաս չէին նաեւ այն տեսակետները, ըստ որի՝ այս ամենը կարող էր հենց ներսի ուժերի ձեռքի գործը լինել։ Ի վերջո, ներկայումս բավականին պայթյունավտանգ իրավիճակ է իշխանությունների համար, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան ճակատում սրացումներից հետո այս կոռումպացված իշխանությանն այլեւս չի ներվելու այն, ինչ ներվել էր մինչ այս՝ ավելի քան երկու տասնյակ տարի։
Բացի այս՝ Ղարաբաղի հարցում հնարավոր զիջումների գնալու պարտադրանքին դիմակայելու քաղաքական ռեսուրս չունեցող ոչ լեգիտիմ իշխանության համար առաջիկայում հանրային ընդվզումը զսպելու նպատակով ահաբեկչական նմանատիպ գործողությունները կարող են լինել առիթ՝ երկրում արտակարգ վիճակ հայտարարելու, լրատվամիջոցների աշխատանքի կասեցման եւ հանրային ցույցերի արգելման պայմաններում Ղարաբաղի հարցում անթույլատրելի զիջումները կյանքի կոչելու համար։
Իհարկե, չի բացառվում, որ կատարվածը բացառապես անզգուշության հետեւանքով է կամ ունի այլ տեխնիկական բացատրություն, սակայն Սերժ Սարգսյանի հանձնարարականը ոստիկանությանը ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը, բավականին չարագուշակ հնչեց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում