Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի թիկունքում, մայրաքաղաքում այդ տրամադրությունները և, այսպես ասած, ներսից խոցելիության զգացումը, մեղմ ասած, չափազանց վտանգավոր երևույթ են: Ըստ այդմ, բոլոր պատասխանատու անձանցից՝ անկախ իշխանական, թե քաղաքական կամ հասարակական այլ կարգավիճակով, պահանջվում է իրենց հայտարարություններում լինել չափազանց զգույշ, ուշադիր և չասել բաներ, որոնք հասարակությանը չտալով որևէ պատասխան՝ կխորացնեն անորոշությունը, կասկածներն ու ասեկոսեները:
Այդ պատասխանատու մոտեցումը առավել քան կարևոր է այն պարագայում, երբ դեռևս չկան պաշտոնական շոշափելի բացատրություններ: Խուճապ, անվստահություն, խոցելիություն առաջացնող որևէ հայտարարություն, եթե անգամ արվում է, այսպես ասած, զգոնության բարձրացման անկեղծ մղումներով, ոչ միայն չի օգնի, այլ նաև կարող է վատթարացնել իրավիճակը, ընդ որում՝ անհարկի:
Սրան զուգահեռ և այդ ամենից առաջ՝ Հայաստանի իրավապահ կառույցներից պահանջվում է շտապել հանրությանը ներկայացվելիք հստակ տեղեկատվության հարցում, հավաստիացնել իրավիճակի վերահսկելիությունը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:
Դա նշանակում է, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ կերպով հանրությանը ներկայացնել ավտոբուսում տեղի ունեցածի պաշտոնական վարկածներ և ամենայն պատասխանատվությամբ բացառել ահաբեկչության վարկածը: Այստեղ է, որ իրավապահ համակարգը պետք է աշխատի, ոչ թե քաղաքացիների բողոքի ցույց ցրելով կամ լրագրողների աշխատանք խոչընդոտելով: Այստեղ է, որ Հայաստանի քաղաքացին պետք է տեսնի, զգա, որ երկրում կան իրավապահ կառույցներ, որոնք ի զորու են ապահովել անվտանգությունը և թույլ չտալ խուճապային տրամադրությունների տարածում:
Կարդացեք նաև
Այդ ամենը բացարձակապես չի նշանակում, որ տեղի է ունեցել հանցավոր դիտավորություն: Սակայն կրկնում ենք՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական ֆոնը՝ քաղաքացիները կարող են մտածել, կասկածել, սպասել ամեն ինչ, և այդ ամենը ֆոնային առումով դառնում է միանգամայն հիմնավոր: Հենց այդ պատճառով իրավապահները պետք է շտապեն, առավել ևս, որ Հայաստանում անկասկած կգտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն անպատասխանատվության, անզգուշության, անուշադրության պատճառով, այլ նաև տարատեսակ դիտավորությամբ կարող են շահարկել ստեղծված անորոշ վիճակն ու քաղաքացիների տարաբնույթ տրամադրությունները անձնական կամ խմբային նպատակներով:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում