Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ելույթ է ունեցել Աստանայում՝ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Նախագահ Նազարբաևն իր խոսքում նշել է, որ շատ պետություններ նախանձում են իր երկրին՝ համապետական ընտրություններում նման բարձր մասնակցություն ապահովելու համար։
Ղազախստանի նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. «Սա եզակի երևույթ է։ Աշխարհում որևէ տեղ նման բան տեղի չի ունենում։ Մեր ժողովրդի այսպիսի միասնություն և ցանկություն… Այսպիսի մասնակցությանը և այսպիսի արդյունքին նախանձում են բազմաթիվ պետություններ, որոնք նույնիսկ տասնյակ տարիների ընտրական ավանդույթներ ունեն»։
Հիշեցնենք, որ 2015թ. Ղազախստանում տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցողների 95,22%-ը, իսկ 2016թ. կայացած երկրի խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը կազմել է 77,12%։