Լրահոս
Օրվա լրահոսը

«Փայլունն» ու «խայտառակը»

Ապրիլ 26,2016 10:13

Առաջին նախագահը եւ նրա կողմնակիցները գտնում են, որ հիմա այն պահը չէ, երբ պետք է ներքին քաղաքական պայքար «բզբզել», քանի որ բոլոր ուժերը պետք է համախմբել՝ արտաքին թշնամուն դիմադրելու համար: Երկրորդ նախագահը եւ նրա կողմնակիցները, հակառակը՝ կարծում են, որ հիմա հենց «բզբզելու» ճիշտ ժամանակն է, եւ գուցե դրա արդյունքում հաջողվի ապակայունացնել ներքին քաղաքական իրավիճակը եւ իշխանություն վերցնել: Ընդ որում՝ խոսվում է իրականում գոյություն ունեցող արատների մասին, որոնք իսկապես սպառնում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Թեեւ առաջին տեսակետն ինձ ավելի հոգեհարազատ է, բայց ինձ թվում է՝ երկուսն էլ գոյության իրավունք ունեն: Իշխանության համար պայքարելը դատապարտելի չէ, իսկ թե ով ինչ մեթոդներով է դա անում՝ իրենց գործն է, ես ոչ մեկի դատավորը չեմ:

Մեր երիտասարդները բողոքի ցույցեր են կազմակերպում Ռուսաստանի ներկայիս քաղաքականության դեմ: Պատերազմն իսկապես ավելի ցցուն է դարձրել ոչ միայն մեր ներքին արատները, այլեւ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Դա դասական կայսերական քաղաքականություն է՝ պատերազմների եւ արյան միջոցով ժողովուրդներին կախման մեջ պահելու: Բայց բողոքի ցույցերով այդ քաղաքականությունն, ինձ թվում է, չի փոխվի: Հայաստանի քաղաքացիները պետք է խնդիրներ դնեն Հայաստանի իշխանությունների առաջ, եւ հայ-ռուսական հարաբերությունների մասով մենք իսկապես հարցեր ունենք տալու մեր իշխանություններին: Մյուս կողմից՝ Պուտինի երկրպագուները, որոնք, իմ տպավորությամբ, Հայաստանում ապրիլի ընթացքում զգալիորեն քչացել են, կարծում են, որ ցույցերը կազմակերպում են Օբաման, Սորոսը, հուդա-մասոնները եւ այլ «վատ մարդիկ»: Նրանք էլ իրավունք ունեն այդպիսի կարծիք արտահայտելու:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցելությունը Երեւան նույնպես տրամագծորեն հակառակ կարծիքների տեղիք տվեց: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա մեր դիվանագիտության հերթական փայլուն հաղթանակն էր, ընդդիմության համակիրներն էլ կարծում են, որ դա «խայտառակություն» էր եւ «սկանդալ»: Ամեն մեկն իր շահագրգռվածությունն ունի՝ այսպես կամ այնպես ասելու: Իմ կարծիքով՝ կյանքում շատ քիչ բան կա, որին մենք կարող ենք կպցնել «փայլուն» կամ «խայտառակ» մակդիրները: Իրականության եւ հատկապես դիվանագիտության մեջ բոլոր երեւույթներն ունեն որոշ քանակությամբ եւ որոշ հարաբերակցությամբ «պլյուսներ» եւ «մինուսներ»: Բայց թող մեկն, իր շահերից ելնելով, տեսնի միայն «պլյուսները», իսկ մյուսը՝ միայն «մինուսները»: Դրան էլ է պետք հանգիստ վերաբերվել:

Ինչն իմ կարծիքով անընդունելի է եւ դատապարտելի՝ մարտական գործողությունների մասին սուտ, հաճախ՝ հակառակորդի կողմից միտումնավոր ասպարեզ նետվող լուրերի տարածումն է: Ես չեմ կարծում, որ նման լուրեր տարածողները թշնամի են կամ հակառակորդի գործակալներ: Այստեղ կարող է լինել երեք տեսակի դրդապատճառ. 1) «քլիքներ» եւ «լայքեր» հավաքելը, 2) «ընդդիմադիր» երեւալը, 3) քաղաքական խնդիրներ լուծելը: Բայց եթե պետություն գոյություն չունենա, ի՞նչ քաղաքական խնդիր:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    1.Առա՜ջ, Հայաստան…
    2.Դեպի ապահո՛վ Հայաստան…
    3. == Բայց եթե պետություն գոյություն չունենա, ի՞նչ քաղաքական խնդիր: ==

  2. Լավատես says:

    https://www.aravot.am/2016/04/26/684705/

    Այ սա հանճարեղ գաղափար է, եթե մեզ բոլորիս հաջողվի մեր հայերից սովորենք ու մեր ունեցած հնարավորությունները լիարժեք իրացնենք՝ ամեն մեկն իր ծննդավայրի ու պապական ծննդավայրի համար հոգ տանի՝ անկախ իր ապրելու վայրից, սա էլ կլինի մեր հաջորդ քայլը դեպի Հայոց պետություն:

  3. Atshak says:

    Ամբողջ աշխարհում, Պետության Ներքին Կյանքում քաղաքականություն ասածը վաղուց դուրս է եկել իր տրադիցիոն իմաստից: Այն Գաղափարների ու Գաղափարախոսությունների պայքարից վերածվել է թայֆեքի ու քվոտաների պայքարի: Ամբողջ Աշխարհում:
    Ըստ այդմ էլ չկա ոչ մի քաղաքական պայքար իշխանության համար: Կա թայֆայակռիվ, քվոտաների կռիվ, որը ցանկացած դեպքում պետության ու ազգի հիմքերն է խարխլում ու իր մեջ շատ չնչին դրական բաներ է պարունակում:
    Կարծում եմ, որ մեր էլիտան պետք է բացահայտի այս ամենը, եթե դեռ չի բացահայտել ու հրաժարվի ներիքին կյանքում “քաղաքական” կոչվող, իսկ իրականում թայֆայական պայքարից:
    Մեր Նախագահը գոնե էս ամենը շատ լավ է հասկացել, ու բոլոր կարող ու քչից-շատից կշիռ ունեցող Անհատներին ընդգրկում է քվոտաների մեջ, ու նաև դրանով պետական ապարատը ցնցումներից զերծ պահում:

    • Հ.Շ. says:

      Իշխանութիւնը իրոք բարձր աստիճանի ինքնազսպում եւ համբերութիւն ցուցաբերում է, խանգարիչ տարրերի նկատմամբ, նամանաւանդ այժու ճգնաժամային կացութեան մէջ:

      Սակայն պէտք է որ ան այդ գնահատելի ճիգը ամբողջացնէ՝ մի քիչ յաւելեալ հաղորդակցութեամբ, ժողովուրդի հետ:

      Պետական անթափանցիկութեան աստիճանը աւելորդ չափով բարձր է, նոյնիսկ նկատի առնելով պատերազմական վիճակը: Ինչ որ նպաստում է երկրում անկայունութիւն սերմանող – գիտակից կամ ակամա – գործակալների աղմուկին:

      • Atshak says:

        Նախագահը շատ լավ է հասկանում այն, ինչ որ Դուք առաջարկում էք, թափանցիկության առումով: Դրա պատճառով էլ ձեռնարկվեցին այս Սահմանադրական բարեփոխումները ու Հայաստանը լիակատար Պառլամենտական երկիր վերածելու ծրագիրը: Մենք այլ ուղի չունենք, քանզի այս սահմաննադրությամբ Նախագահը չափազանց ուժեղ Արտաքին ճնշումների տակ է գտնվում, որի պատճառով Լևոնը ստիպված հրաժարական տվեց , իսկ Քոչարյանը շատ երկար “փախած էր ման գալիս”:
        Պետք է Պատասխանատվությունը` արտաքին ճնշումների հանդիման – “լզողել”

  4. Հ.Շ. says:

    մէջբերում ՝ «Ինչն իմ կարծիքով անընդունելի է եւ դատապարտելի՝ մարտական գործողությունների մասին սուտ, հաճախ՝ հակառակորդի կողմից միտումնավոր ասպարեզ նետվող լուրերի տարածումն է:» …………………………………………………………………………………………..
    Խոնարհագին յարգանքով,
    հարկաւոր է դիտել տալ թէ՝ այս Կայքէջի վրայ հրատարակված յօդվածների մէջ, պարբերաբար, հանդիպում ենք նաեւ այդ անհիմն ու կասկածելի «լուրերին», եւ հետեւաբար անոնց թունաւոր տարածման:

    Արդարեւ, այս այլապէս պատկառելի ե-թերթում, խնդրոյ առարկայ ապատեղեկատվությունը չակերտների մէջ է ներկայացվում, որպէս այս կամ այն «քաղաքական գործիչ»ի խօսքերի մէջբերումը: Ուրեմն, թերեւս յետին միտումը ընթերցողին տեղեկացնել է թէ այդպէս պարապ-պարապ խօսողներ իջել են մեյտան (բառախաղ չէ… արեւմտահայ իսկական արտայայտութիւն է ) : Սակայն երբ որ, այս օրերին, մի քանի հազար անձեր այդ տիպի յոդվածներ կը կարդան, այսպիսի լուրջ թերթի մը մէջ, եւ հետեւաբար իրենց կարգին զանոնք կը սփռեն իրենց կապերին, վնասը կարող է նշանակալից դառնալ:

  5. ԳԱՌՆԻԿ says:

    Պ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՇԱՏ ԿԽՆԴՐԵԻ ՄՏԱԾԵԻՔ ՈՆՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՈՎ ԷԼ ՀԱՅԱՄԵՏ ԼԻՆԵԻՔ ՈՒ ԱՆՀԱՐԳԻ ՈՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՈՉ ԹԵՎՈՍԻԿՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԵԻՔ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ԼԱՎ ԹԵ ՎԱՏ ԻՄԱՍՏՈՎ: ՓԱՌՔ ԱՍՏԾՈ ՄԵՐ ԱԶԳԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԷՏԱՊՆԵՐՈՒՄ ՈՒՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻՔ: ԻՆՉ ՄՆՈՒՄԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԱՌԱՋԻ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ ՈՒ ԱՐԵԼ ԵՆ ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ՈՒ ԹՈՂ ՀԻՄԱ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ ՏԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՐ ՄՈՌԱՆԱՆՔ ԻՐԱՆՑ ԻՆՄ ԿԱՐՑԻՔՈՎ ԱԶԳԻՆ ՕԳՆԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՈՉ ՄԵՆԱԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԱԼՈՎ

    • Հ.Շ. says:

      Յարգելի Գառնիկ, Համացանցում գոյացած հաղորդակցային չափանիշների համաձայն՝ վերնագիրներով գրված խօսքերը համազօր են զանոնք գոռալով արտայայտելու:

  6. Գ says:

    ՇՆՀՈՐԱԿԱԼ ԵՄ ՆԿԱՏՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԳԵԼԻՍ ԻՄ ՄՈՏ ԵԼ ԴԱ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է

    • Հ.Շ. says:

      հազար ներողութիւն, Գառնիկ ջան…

      հիմա որ հասկացայ, պարզապէս օգտակար ըլլալու համար նշեմ՝ կարող ես համակարքիչդ այնպէս մը դասաւորել, որ սովորական գիրերը, ինքնաբերաբար եւ տեւաբար՝ շատ աւելի խոշոր երեւնան պաստառիդ վրայ… 125%, 150% կամ որքան աւելի մեծ որ ցանկանաս… շրջապատէդ մէկու մը ասա, թող պէտք եղածը կատարէ… քո օգուտին համար եմ ասում, անշուշտ…

      լաւ մնա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930