Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է այդ երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Քալընի խոսքերով՝ կան որոշ ուժեր, որոնք ցանկանում ենք միմյանց դեմ լարել հայերին և թուրքերին. «Ցեղասպանության պնդումներով, ստերով, ոմանք կարող են ցանկանալ միմյանց դեմ լարել թուրքերին և հայերին, քաղաքական թշնամանք սերմանել։ Սակայն մենք, ընդհանուր ցավի սկզբունքով, կշարունակենք կիսել մեր բոլորիս ցավը»։
Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Քալընը անդրադարձել է նաև 2016թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին. «Երևանում մի շարք միջոցառումներ իրականացվեցին։ Չնայած թուրքական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքին (նկատի ունի Թուրքիայի Հանրապետության պետական դրոշ այրելը-խմբ.), մենք, առանց վարկաբեկելու մեր արժանապատվությունն ու լրջությունը, արժանավայել կերպով հիշատակեցինք և կշարունակենք հիշատակել այդ ժամանակաշրջանում (նկատի ունի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը-խմբ.) տեղի ունեցածը»։
Կարդացեք նաև