Երեւանում կայացավ Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգը
Ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Գրեմմի» եւ այլ հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Միկ Ուլեոյա): Հեղինակավոր երգչախումբը Հայաստան է ժամանել «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով:
Համերգից առաջ ունկնդիրը մեկ րոպե լռությամբ հարգեց վերջին օրերին զոհ գնացած հայորդիների հիշատակը:
Հայաստանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվող երգչախումբը կատարեց Կոմիտասի, Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոյի, Գալինա Գրիգորեւայի ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում էին բրավոներով ու հոտնկայս ծափահարություններով: Համերգի ավարտին երգչախումբը երկու անգամ վերադարձավ բեմ վերադարձավ՝ նոր կատարումներով: Իբրեւ մենակատարներ հանդես եկած թավջութակահար Աարե Տամմեսալուին եւս ունկնդիրը ոգեւորությամբ ունկնդրեց: Վերջինս նաեւ երաժշտական պրոդյուսեր եւ մանկավարժ է, Տալլինում անցկացվող «Պալատական երաժշտության համերգաշրջանի» ղեկավարը:
Հավելենք, որ Էստոնիայի ազգային արական երգչախումբը ապրիլի 23-ին էլ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, համերգով հանդես է եկել Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ