ԵՊՀ-ի «Սեւ» շենքի դահլիճում այսօր ժամը 18:30-ին ծափահարություններ հնչեցին. ՊՆ մամուլի խոսնակի ելույթի ավարտը ուսանողներն ինքնաբուխ ծափահարություններով նշանավորեցին: Անգամ մասնաշենքի անվտանգության աշխատակիցներն էին մոտեցել դահլիճի մուտքին եւ ոտքի վրա լսում էին ռազմական փորձագետի պատասխանները: Երկու ժամ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում էր ուսանողների նկատառումները, տալիս մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ, որոնք, գուցե, ուրիշ ոչ մեկից հնարավոր չէ լսել:
Տեղեկատվական պատերազմի պայմաններում չափազանց կարեւոր էր իմանալ, թե ապրիլյան պատերազմում ինչպես են իրականում գործել հայկական ուժերը, եւ, ինչպես Արծրունն (լրագրողներս սիրում ենք նրան պարզապես անունով դիմել) ասաց, «միակ ուժը, որը կարողացավ կոտրել ցեղասպան ձեռքը, հայկական բանակն է, որն իր խնդիրը փայլուն կատարեց»:
Հանդիպման ավարտին Արծրուն Հովհաննիսյանն ուսանողներին նվիրեց Պաշտպանության նախարարի հեղինակած գրքերից: Ի դեպ, դրանք ես էլ ունեմ եւ դրանք ընթերցելու շնորհիվ է, որ հատկապես մեր տանը (ամենակարեւորը` տանը) կարողանում եմ պատասխանել Բանակի մասին շատ հարցերի:
Կարդացեք նաև
Վերջում, ինչպես եւ կանխատեսելի էր, ուսանողները տեւական ժամանակ ՊՆ խոսնակին «բաց չէին թողնում». հարցեր, երախտիքի խոսքեր, եւ, իհարկե, «սելֆիներ»… Առհասարակ, «սելֆի» կոչվածից զզվում եմ, բացառիկ սելֆիներ ունեմ` այն էլ այն մարդկանց հետ, որոնց իսկապես գնահատում եմ: Չգիտեմ ինչու, մինչ օրս Արծրունի հետ սելֆի չեմ արել, բայց վստահ եմ, որ իմ «ռազմական սելֆին» էլ սարերի ետեւում չէ, բայց ուզում եմ, որ այն արվի Ստեփանակերտում եւ բացառապես… խաղաղության պայմաններում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ