Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Ապրիլ 25,2016 20:30

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Արարողությանը ներկա էին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արմեն Պապիկյանն իր խոսքում, մասնավորապես, հիշատակեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը, որը նոր ազդակ հաղորդեց հայ ժողովրդի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական արդարության վերականգնման և ընդդեմ ժխտողականության 100-ամյա պայքարին` ընդգծելով, որ 21-րդ դարում Հայաստանն ամրագրել է իր ուրույն տեղն ու դերը Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ միջազգային պայքարում: ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ նաև ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային` այդ համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրության եղեռնագործությունները մեկ առ մեկ կրկնվում են Միջին Արևելքում ահաբեկչական ավազակախմբերի և մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական բանակի` Արցախի ժողովրդի և զինվորների նկատմամբ իրականացրած սոսկալի վայրագություններում: Արմեն Պապիկյանը խորին ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը լիովին չի գիտակցում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հարուցած համընդհանուր վտանգի ողջ լրջությունը` հաշվի առնելով այդ երկրներում պետական ամենաբարձր ատյանների կողմից խրախուսվող հակահայկական, ժխտողական քաղաքականությունը և օրեցօր այդ երկրներում ահագնացող մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության և համաեվրոպական արժեքների ոտնահարումը:

Ելույթներով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին, իր խոսքում վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունը, մասնավորապես, նշեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման անընդունելիության մասին, քանի որ ժխտողականությունը ցավալիորեն խաթարում է հաշտեցման հնարավորությունը և սնում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճիրներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930