Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
Վերջերս իր թերթում լույս տեսած մի հոդվածում «Իզվեստիա» պարբերականը հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար: Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет:
Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել: Դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ և ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններին՝ նրանց հաղորդելով գործիքներ և միջոցներ ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու և միջին հայի կյանքը բարելավելու համար: Դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման վերաբերյալ՝ այստեղ:
Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում: Միգուցե արժե, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատի՞: