Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր 4 տարվա ազատազրկման դատապարտեց 2014 թվականի տարվա մարտ ամսին Գյումրու Մուշ թաղամասի ավտոտնակներից մեկում խորթ հորը՝ Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլյա Գյումուշթեքինի սպանության մեջ մեղադրվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանին:
Հիշեցնենք, որ վերջինս ազգությամբ եզդի է. նրա մայրը` Մայա Բաքոյանը, երկրաշարժից հետո երկրորդ անգամ ամուսնացել էր Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլյա Գյումուշթեքինի հետ` համատեղ երկու երեխաներ ունենալով: Սակայն 2013 թվականին Թուրքիայում Գյումուշթեքինի եղբայրը երեխաների աչքի առաջ սպանել էր Մայային: Մաքսիմն էլ, որը բնակվում էր Գերմանիայում, վերադառնալով Գյումրի` սպանել էր խորթ հորը:
Հետաքրքիրն այն է, որ իր վերջին խոսքում Մաքսիմ Բաքոյանն ասել էր. «Մարդ սպանել եմ, բայց մարդասպան չեմ, պարոն դատավոր, մարդասպանն այն մարդ է, որն իր շահերի համար, հինգ տարեկան երեխայի աչքի առաջ կարող է մարդ սպանել: Ես մորս արյունը չէի թույլ տա վաճառելու, ինչ-որ մեկը կանգնում, ասում է՝ պիտի գնամ Թուրքիա, մորդ արյան փող վերցնեմ (Խոսքը խորթ հոր մասին է, որը հայտարարել էր, թե գնամ արյան փող ստանամ, որն էլ առիթ հանդիսացել սպանության Ա.Ն.)»:
Այսօր, երբ դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակում էր վճիռը ու հայտնեց, որ դատարանը Մաքսիմին ենթարկում է չորս տարվա ազատազրկման, դատավորի ձայնը խլացավ դահլիճում գտնվող մարդկանց ծափահարություններից. Մաքսիմի հարազատները, համադասարանցիները հոտնկայս ծափահարություններով ընդունեցին Մաքսիմի չորս տարվա ազատազրկման դատապարտվելը. դատախազը պահանջում էր տաս տարի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ