Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է այնպես անել, որ միջազգային հանրությունը Մեծ եղեռնն ընկալի որպես Հայոց ցեղասպանություն». Հակոբ Չաքրյան

Ապրիլ 25,2016 18:10

«Նախորդ տարիներին ամեն անգամ Թուրքիան տարին սկսում էր յուրատեսակ մղձավանջով՝ կապված Մեծ եղեռնի հերթական տարելիցի հետ: Երկրում հասարակական և քաղաքական իրարանցում էր տեղի ունենում: Համալսարաններում տարբեր սիմպոզիումներ էին կազմակերպվում ժխտողականությունը հիմնավորելու համար: Տարբեր կարգի միջոցառումներով փորձում էին ապացուցել, որ ցեղասպանությունը օրենսդիր խնդիր չէ, դա պատմաբանների խնդիրն է: Սակայն այս տարի ապրիլի 24-ը Թուրքիայի համար կարելի է ասել՝ հաշտ ու խաղաղ անցավ»,- այս մասին այսօր ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետը վստահեցրեց, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր ժխտողական վերաբերմունքը՝ ասելով, որ 1.5 միլիոն մարդ չի սպանվել, ընդհակառակը հայերն են իրենց կոտորել, որից հետո թուրքական որոշ խմբավորումներ, վրեժխնդիր լինելով, մի քանի հայի սպանել են: Սպանված հայերի թիվը մինչև 6000-ի են իջեցրել, իսկ թուրքերինը 580 հազարից ավելի. «Կարծում եմ այս տարի Թուրքիան ավելի հանգիստ գտնվեց, քանի որ նախորդ տարիներին որպես կանոն սենատի կամ պալատի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր էին ընդունում, այս տարի չկար նման բան: Նախորդ տարիներին, մինչ ապրիլի 24-ը Թուրքիայի արտգործնախարարին գործուղում էին Վաշինգտոն, ուղարկում էին նաև խորհրդարանական պատվիրակություններ: Այս տարի չեղավ այդ ամենը, քանի որ միջազգային իրավիճակն էլ դրա համար նյութապես նպաստավոր չէ: Թուրքիան էլ բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնած: Հարևանների հետ առկա խնդիրները զրոյական մակարդակի վրա են: Թուրքիան հիմա 0 հարևան ունի: Ադրբեջանին չի կարելի հարևան համարել. մեկ ազգի երկու պետություն են:Թուրքիայի ուշադրությունը սևեռված է ներքին խնդիրների վրա»:

Թուրքագետը կարծիք հայտնեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի մասին. «Իհարկե ողջունելի չէ՝ ցեղասպանություն բառն այնուամենայնիվ չարտասանեց, բայց փոխարենը շեշտեց, որ վայրագությունները տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, 1.5 միլիոն հայ զոհվել է, կորցրել են իրենց հայրենիքը: Կոտորածները ամենայն դաժանությամբ են իրագործվել: Ընդգծեց նաև, որ դա 20-րդ դարի առաջին մեծ զանգվածային վայրագությունն է եղել: Փաստորեն առանց ցեղասպանություն բառն արտասանելու տրվեց ցեղասպանության սահմանումը ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի: Եթե Օբաման առանց ցեղասպանություն բառն ասելու տալիս է դրա սահմանումը, պետք է այդ հանգամանքը առաջ մղել: ԱՄՆ նախագահի ուղերձը շատ ավելի ազդեցիկ է, քան մի քանի ուրիշ երկրների ճանաչումը: Նա օգտագործում է Մեծ եղեռն բառը: Հրեաները չեն նեղանում, երբ ցեղասպանության փոխարեն հոլոքոստ բառն են օգտագործում: Պետք է այնպես անել, որ միջազգային հանրությունը Մեծ եղեռնն ընկալի որպես Հայոց ցեղասպանություն: Այդ դեպքում էլ խնդիր չենք ունենա ԱՄՆ նախագահին համոզելու, որ ցեղասպանություն ասի»:

Ըստ պարոն Չաքրյանի՝հայկական կողմի անելիքներն այնքան էլ մեծ չեն. ցեղասպանության միջազգայնացումից հետո պետք է մտնել նոր փուլ, նոր քայլեր ձեռնարկել. «Առաջին քայլն արված է: Երկրորդը պետք է լինի միջազգայնորեն ճանաչված ցեղասպանության ժխտողականության քրեականացումը, որից հետո երրորդ փուլում պետք է փորձել ցեղասպանության հարցի փոխարեն միջազգային հանրության օրակարգ մտցնել ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: Բայց եթե մեր երկիրը անընդհատ արտահոսք է տալիս, բնակչությունը գնալով նվազում է, ապա այս պարագայում, եթե փորձենք միջազգային օրակարգ մտցնել հետևանքների վերացման հարցը, կհայտնվենք ծիծաղելի կացության մեջ: Այսպիսի վիճակում հայտնված պետությունը ինչպե՞ս կարող է նման հարց բարձրացնել միջազգային հանրության առջև .իրատեսական և նպատակահարմար չէ»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930