Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Մեր հետախուզությունն իմացել է` ինչ է կատարվում»

Ապրիլ 25,2016 17:52

Ապրիլի 25-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում ԵՊՀ պատմության ֆակուլտետի և «Երիտասարդ կովկասագետների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Թեման ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած քառօրյա պատերազմն էր, որը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, առաջիկայում էլ կշարունակեն խորապես վերլուծել:

«Հակառակորդը փաստացի մեծ խնդիր էր իր վրա դրել` հիմնական հարված հասցնել կենտրոնից, իսկ թեւերից` շեղող հարվածներ, ինչպիսիք էին Արաքսի հովտից արված հարվածները: Մեր զորքերի հերոսական պայքարը թեւերում թույլ չտվեց, որ հակառակորդը լուրջ առաջխաղացում ունենա: Կենտրոնի հիմնական հարվածի մտահաղացումը բացահայտվեց եւ կենտրոնի հարվածն անգամ տեղի չունեցավ, տապալվեց հակառակորդի ողջ ռազմական գործողությունը»,-ասաց ՊՆ խոսնակը:

Նրա բնորոշմամբ` Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ոտնձգությունը ցեղասպանության փորձ էր. «Միակ ուժը, որը կարողացավ կոտրել ցեղասպան ձեռքը, հայկական բանակն է, որն իր խնդիրը փայլուն կատարեց: Ամեն զինվոր ամեն դիրքում կռվել է մինչեւ վերջին շունչը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող էին նահանջել երկրորդ բնագիծ, ոչ մեկ նրանց դրա համար չէր մեղադրի, ուղղակի հայու տեսակի մեջ չկա նահանջ ասվածը: Սա ազգային հոգեբանություն է, որը բարեբախտաբար, թե ցավոք, ձեւավորվել է տարածաշրջանում թուրքի հետ ապրելուց»:

Հարցուպատասխանի ժամանակ ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ են առաջացել հայկական հողմի հետախուզության հետ` նկատի ունենալով խոսակցությունները, թե հայկական կողմի հետախուզությունը թերացել է:

Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ինչու եք համոզված, որ հետախուզության հետ խնդիր է եղել: Ոչ մի խնդիր չի եղել: Փորձեմ բացատրել` հետախուզությունն այն օրգանն է, որը կարող է մոտավոր գործողության ժամկետ եւ տրամաբանությունն իմանա: Չի կարող ամբողջ պրոցեսը կանխատեսել: Քանիցս ասել եմ` մեր հետախուզությունն իմացել է` ինչ է կատարվում: ՊԲ ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի հենց հետախուզության տվյալների հիման վրա: Եթե հետախուզությունը չիմանար, զորքերն ու զորամասները պահպանությունից պաշտպանության չէին անցնի: Նման պայմաններում հետախուզությանը մեղադրելը ոչ պրոֆեսիոնալ է: Լայնածավալ օպերացիա է եղել, ողբալի եւ ցավալի է մեզ համար, բայց պատերազմ ունի իր կանոնները: Մինչեւ չլինեք առաջնագծում, չեք կարող գնահատական տալ, ցավում եմ նման էմոցիոնալ գնահատականների համար»:

Հանդիպման այլ մանրամասները` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930