Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը դեսպան Սվիտալսկուն ներկայացրեց տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա ռազմական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում սադրանքների շարունակման հանգամանքի վրա: Այս համատեքստում Սեյրան Օհանյանը կարևորեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների, ինչպես նաև հրադադարի պահպանման կարողությունների շուտափույթ ներդրման, իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման հրամայականը:
Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը կարևորեց Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` հույս հայտնելով, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
Դեսպան Սվիտալսկին իր հերթին բարձր գնահատեց անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումների կարևորությունը, վստահություն հայտնելով, որ առկա են այդ հարաբերությունները խորացնելու և որակական նոր մակարդակի տեղափոխելու բոլոր նախադրյալները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ