Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկ Էնգելը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համար տարվող աշխատանքները

Ապրիլ 25,2016 17:45

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին և նրան Արցախ այցի ընթացքում ուղեկցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին ու «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին:

Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի բոլոր անդամների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Ֆրանկ Էնգելի այցելությունն Արցախ հենց այս օրերին և հույս հայտնել, որ հանդիպումը նոր գաղափարներ կտա ապագա համագործակցության համար:

«Ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում ղարաբաղյան թեմայով քննարկումները ցույց տվեցին, որ այնտեղ կա տեղեկացված հանրություն, մի խումբ, որը կարող է ստանձնել Ղարաբաղի մասին անմիջական, օբյեկտիվ տեղեկատվությունը գործընկերների հետ կիսելու կարևոր գործը», -նշել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը՝  խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ, գոնե այժմ, բոլորի համար ավելի շոշափելի պետք է լինի այն իրողությունը, որի մասին նախորդ տարիներին բարձրաձայնում էր արցախյան կողմը:

«Ապրիլի առաջին օրերից, երբ ծավալվեց Ադրբեջանի նոր ագրեսիան, կարծում եմ, շատերի համար հասկանալի դարձավ այն ընկալումը, որ միջազգային ճանաչումը մեզ համար միայն ցանկություն չէ, դա մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու միակ իրատեսական ճանապարհն է»:

Շնորհակալություն հայտնելով ներկայացուցչական կազմով ընդունելության համար՝ Ֆրանկ էնգելը գոհունակություն հայտնեց այս պահին Արցախում լինելու հնարավորության համար:

Խոսելով ապրիլի կեսերին ղարաբաղյան թեմայով  Եվրախորհրդարանում ծավալված քննարկումների մասին՝ եվրոպացի պատգամավորը նշել է, որ այդ քննարկումների դրական ազդեցությունն ակնհայտ է, քանի որ դրանց արդյունքում տեղի է ունեցել Ադրբեջանի վերաբերյալ ըմբռնումների վերաիմաստավորում:

Ֆրանկ Էնգելը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համար տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և խմբի մյուս անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու տեսակետները՝ հետագա համագործակցության ծրագրերի հստակեցման վերաբերյալ:

 

ԼՂՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930