Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Ամիրբեկյան. «Եթե ուզում ես հարգված լինել, քիչ խոսիր»

Ապրիլ 25,2016 17:40

«Ասում են՝ եթե ուզում ես առողջ լինել, քիչ կեր, եթե ուզում ես հարգված լինել, քիչ խոսիր… Ես պլակատը գերադասում եմ մյուս արվեստներից, որովհետև այստեղ քչախոսություն կա: Բայց քիչ խոսելով՝ պիտի կարողանաս շատ բան ասել»,- կարծում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) դիզայնի ամբիոնի դոցենտ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի դոցենտ Էդվարդ Ամիրբեկյանը:

ԵԳՊԱ-ի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այսօր բացվեց նրա պլակատների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 29-ը:

Ներկայացված է 1975 թվականից մինչև մեր օրերն արված մոտ հարյուր պլակատ:

«Ամիրբեկյանին ես շատ վաղուց եմ ճանաչում: Մենք միասին ենք սովորել, ես՝ գեղանկարի, նա՝ դիզայնի բաժնում: Նրանց կուրսում շնորհալի տղաներ շատ կային: Ամիրբեկյանը նրանցից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ նա այժմ դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայում»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԵԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

5 4 3 2 6

Դառնալով ցուցահանդեսին՝ նա նշեց, որ այն շատ հետաքրքիր կլինի նաև ուսանողների համար. «Ես կարծում եմ, որ այստեղ շատ բան կա սովորելու թե´ նրա արվեստից, թե´ նրա անձից և թե´ նրա անցած ուղուց»,- հավելեց նա:

Միաժամանակ երկու բուհերում դասավանդող Էդվարդ Ամիրբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ լսարան մտնելու իր նպատակը ուսանողներին միայն մասնագիտական գիտելիքներ փոխանցելը չէ. «Կարևոր է շեշտը դնել նաև լավ մարդ դաստիարակելու վրա, որովհետև ավարտելուց հետո մի որոշ ժամանակ աշխատելով էլ կարող են լավ մասնագետ դառնալ»,- նշեց նա:

Մեր զրուցակցին մտահոգում է, որ շատ երիտասարդներ ուսումն ավարտելուց հետո «դրսում» են աշխատանք փնտրում. «Շատերի ուշքն ու միտքը արտասահման գնալն է: Ես դրան դեմ եմ: Կարելի է ստանալ դիպլոմ, որը և´ արտասահմանում է անցնում, և´ Հայաստանում, բայց մենք չպետք է մարդկանց պատրաստենք «դրսում» աշխատելու համար, որովհետև շատ կարևոր է, որ մեր երկիրը, մեր լեզուն զարգանան: Այնքան ցավալի է, որ ուսանողներիդ առաջադրանք ես տալիս, ու նրանք երբեմն անգլերենով են այն կատարում: Շատերին թվում է, որ եթե անգլերեն են խոսում կամ գրում, ուրեմն զարգացած են: Դա այդպես չէ: Սկանդինավյան երկրներում, օրինակ, դիզայնը հենց իրենց ազգայինով է ավելի զարգանում: Ես այնքան եմ ուզում, որ մեր դիզայնն արտասահմանից վերցրած չլինի, իր դեմքն ունենա, յուրահատուկ լինի»,- ասաց Էդվարդ Ամիրբեկյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930