Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի հետ հանդիպման ընթացքում լրագրողները խնդրեցին վերջինիս անդրադառնալ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի սպառնալիքներին՝ Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետին՝ Շուշի քաղաքի հետ համագործակցության համար:
Արլեմ Դեզիրը ասաց, որ հայ-ֆրանսիական բարեկամության դրսեւորումները բազում են, դրանց միշտ ներգրավված են Ֆրանսիայի խորհրդարանականները, այդ թվում նաեւ համագործակցություն է տեղի ունենում տեղական ինքնակարգավորման մարմինների մակարդակով. «Այդ պատմությունները բնականաբար կրում են պատմության կնիքը, բայց այդ բարեկամական կապերը եւս մեկ անգամ նաեւ ամրապնդվեցին հանգրվան տրամադրելով ջարդերից մազապուրծ եղածներին: Դրանք նաեւ մշակութային կապեր են, որոնց մասին ընդգծվեց նաեւ բոլորովին վերջերս՝ հոկտեմբերին, Հայաստանում նախարարական համաժողովի ընթացքում, որին ես անձամբ մասնակցել եմ: Բնականաբար, նմանատիպ շփումները հագեցած են, մենք պետք է դրանք շարունակենք: Բայց այս ոլորտում այս առնչությամբ կարեւոր է նշել Հայաստանում ֆրանսիական համալսարան կառույցի կարեւոր դերակատարությունը»:
Սակայն, նա զերծ մնաց կատարվածը մեկնաբանելուց. «Անկախ ամեն ինչից, մեր շփումները կշարունակվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ