Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արլեմ Դեզիր. Մեզ համար առաջնային է հրադադարի ռեժիմի պահպանումը

Ապրիլ 25,2016 17:25

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրն աշխատանքային այցով Երեւանում էր: Այցի ընթացքում նա հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

«Ես Ֆրանսիայի կառավարության հանձնարարությամբ եւ անձամբ Ֆրանսիայի Հանրապետության հանձնարարությամբ եկել եմ Հայաստան այս օրերին՝ բերելով մեղմելու, խաղաղվելու, բանակցությունները վերսկսելու ուղերձ: Նախ լարվածությունը մեղմելու ուղերձ, որովհետեւ այնքան լարված է իրավիճակը, որ կարող է բռնկումների տեղիք տալ, ուրեմն՝ ժամանակն է խաղաղվելու կոչ բերել տարածաշրջան: Ֆրանսիան, լինելով Հայաստանի բարեկամ երկիր ցանկանում է, որ Հայաստանը բարեկեցիկ կյանքով ապրի, որովհետեւ պատերազմն արդեն բավականին մահեր է պատճառել, զոհեր է տվել՝ լինի դա զինվորական ոլորտում, թե քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ պատճառով է, որ բերել եմ բանակցային գործընթացը վերսկսելու ուղերձը»,- ասաց նա:

Արլեմ Դեզիրը նշեց, որ երեսուն տարով հակամարտությունը, որի արդյունքում ավելի քան 25 հազար զոհ է գրանցվել, չի կարելի որակել որպես սառեցված հակամարտություն. «Ամեն տարի զոհվողների թիվն ավելանում է, գնալով ավելանում է տեղահանված մարդկանց քանակը: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի խնայելու իր բոլոր ջանքերը մնացած համանախագահների հետ, որպեսզի վերջնալուծում, եզրահանգում գտնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական դրսեւորման առիթով: Մեր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ մենք գործի ենք դնում մեր բոլոր ջանքերը, որ կենսագործվեն Մադրիդյան սկզբունքները: Ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա պետք է հենվի խաղաղությունը: Մեզ համար առաջնային է հրադադարի ռեժիմի պահպանումը եւ հսկողության մեխանիզմների տեղակայումը»:

Արլեմ Դեզիրը նշեց, որ նույն ուղերձը վաղը հնչեցնելու է Բաքվում՝ նախատեսված այցելության ընթացքում. «Կան երկու կարեւոր տարրեր, որոնք շատ կարեւոր են այս պահից սկսված, առաջինը՝ հսկման մեխանիզմների տեղակայումն է միջազգային հանրության հսկողության տակ: Երկրորդը՝ փորձել զերծ պահել հակամարտող կողմերին ուժ կիրառելուց: Սա այն կարեւոր իրողություններից մեկն է, որի արդյունքում բնականաբար, բանակցային գործընթացն է՝ հիմնված փոխզիջումային տարբերակների վրա: Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով շատ խոր արմատներ ունեցող ֆրանս-հայկական բարեկամությունը, վերջին տարիների ընթացքում հայ-ֆրանսիական բարեկամությունը բազմիցս դրսեւորել է իրեն»:

Արլեմ Դեզիրը Փարիզում ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, իսկ Հայաստան կատարած այցելության ընթացքում այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Ես շատ հուզական պահեր ապրեցի, քանի որ իմ ծաղիկը ավելացրեցի այնտեղ արդեն տասնյակ, հարյուր հազարավոր ծաղիկներին: Մենք չենք մոռանում անցյալը, իսկ ապագան կերտելու համար պետք է հիշենք նաեւ մեր անցյալը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930