Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ագրամունտը «հանգիստ է տարել» իր`Ալիեւի խոսնակը լինելու մասին հայտարարությունը (Տեսանյութ)

Ապրիլ 25,2016 17:15

«Ես պատվիրակության աշխատանքը գնահատում եմ դրական: Դուք կարող եք տեսնել միայն վեհաժողովի լիագումար նիստը, սակայն մենք բավականին լուրջ աշխատանք ենք տանում նաև քաղաքական խմբերում և հանձնաժողովներում: Մենք նաև հանդիպումներ ենք ունեցել վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա հստակեցնում է` ԵԽԽՎ աշխատանքը երկու հատվածներ ունի՝ հրապարակային ելույթները եւ որը շատ ավելի կարևոր է՝ ոչ հրապարակայինը: Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց`դրանք եղել են փակ հանդիպումներ, որոնց ընթացքում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց օտարերկրացի գործընկերներին ներկայացրել են Արցախում ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները, ինչի մասին վկայող լուսանկարներ են ցույց տվել՝ արված Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից:

«Կային մարդիկ, ովքեր ցանկանում էին իրենց հետ վերցնել այդ լուսանկարները և իրենց ազգային խորհրդարաններում քննարկման առարկա դարձնել այդ հարցը, սակայն մենք լուսանկարները չենք տրամադրել նրանց, որովհետև, եթե դրանք որևէ լրատվամիջոցում հրապարակվեն, էթիկայի լուրջ խախտում կլինի, քանի որ դրանցում կան շատ դաժան կադրեր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ անսպասելիորեն վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում, ադրբեջանական պատվիրակությունը կոկորդը պատռելով չի փորձել հակադարձել, որ Ադրբեջանը ագրեսոր չէ և որ Ադրբեջանն է նախահարձակ եղել. «Նրանք էլ շատ լավ հասկանում են, որ Եվրոպայի խորհրդի առնվազն 3 երկիր՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, և Ադրբեջանի կողմից անիմաստ կլիներ հերքել, որ հենց իրենք են սկսել ռազմական ագրեսիան: Նրանք փորձում էին ընդհանուր ներկայացնել, որ հայկական կողմից եղել է սադրանք, ինչի հետևանքով սկսվել են ռազմական գործողություններ: Մենք ծանոթ ենք ադրբեջանական պատվիրակության գործելաոճին և կարող ենք ասել, որ նրանք առաջին անգամ ավելի զուսպ էին իրենց հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում»:

Հարցին՝ հայկական պատվիրակությանը հաջողվե՞ց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին համոզել, որ իրականում ագրեսորը հենց Ադրբեջանն է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Պեդրո Ագրամունտին վերադաստիարակելը պետք է լինի հայկական դիվանագիտության և հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը: Ագրամունտը հրաշալի տեղեկացված էր՝ ով է ագրեսորը, նա շատ լավ գիտի, թե ինչ բարբարոսություններ է արել Ադրբեջանը, բայց նրա և նրա ընտանիքի անձնական շահը բացարձակապես այլ հարց է: Եթե մենք մեր առաջ խնդիր դնենք վերադաստիարակել Ագրամունտին կամ Ադրբեջանի այլ եվրոպացի լոբբիստներին, մենք շատ սխալ ճանապարհի վրա կլինենք: Մենք մեր հրապարակային ելույթներում ասել ենք, որ Ագրամունտը Ալիևի խամաճիկը և կամակատարն է:

Իսկ երբ լիագումար նիստի ընթացքում ես ասացի, որ Ագրամունտը Ալիևի մամուլի խոսնակն է, նա որևէ կերպ չարձագանքեց և շատ հանգիստ տարավ Ալիևի մամուլի խոսնակը լինելու մասին հայտարարությունը: Մինչդեռ, նա իրավունք ուներ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք վերցնել և արձագանքել»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930