Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ուզում եք, ընտրացուցակներն ասմունքեք»

Ապրիլ 25,2016 16:18

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետքերով չի գնա եւ չի առկախի Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումներին իր մասնակցությունը: Այսօր այդ մասին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, առկախել է  իր մասնակցությունը նախագծի հետագա քննարկումներում:

«Մենք գտնում ենք, որ ԸՕ-ն պիտի քննարկվի: Մենք լրջագույն հարցեր ունենք լուծելու: Մասնավորապես, ինչքան շուտ մենք կարողանանք բոլոր քաղաքական ուժերով, մեկ-երկու կարեւորագույն հարցի շուրջ գալ կոնսենսուսի, դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին` մատնահետքով էլեկտրոնային քվեարկությունը ֆինանսավորելու, տեղամասերում ընտրական գործընթացը տեսանկարահանելու համար, որովհետեւ մեր պետական բյուջեն այդ հնարավորությունը չունի, այդքան շուտ մենք դրական արդյունք կունենանք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ եթե երկար ձգվեն ԸՕ-ի նախագծի քննարկումները, դոնոր կազմակերպություններն այնքան սակավ կլինեն: ԲՀԿ-ն հետաքրքրվել է`հիմա արդեն շատ քիչ կազմակերպություններ կան, որ այդքան կարճ ժամանակահատվածում պատրաստ են վերցնել նման պատասխանատվություն:

Ցուցակների հրապարակումը ԲՀԿ-ի համար սկզբունքային չէ՞ հարցին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դա իրենց պահանջներից է եղել եւ սկզբունքային է. «Եթե անգամ բոլոր ցուցակները հրապարակվեն, եթե անգամ 5+1+1`ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջարկները ընդունվեն, եթե չկա ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու քաղաքական կամք, ոսկերչական մակարդակով ընդունված ԸՕ-ն հնարավոր է ի չարս օգտագործել: Ամենակատարյալ ԸՕ-ով հնարավոր է անցկացնել ամենավատ ընտրությունները: Եկեք գտնենք ռացիոնալ մեխանիզմներ, ԸՕ-ով ընտրակեղծարարության հնարավոր սողանցքները սահմանափակել, բայց մտածել, որ ԸՕ-ն միանշանակ լինելու է համադարման եւ այլեւս որեւէ ընտրակեղծիք չի կատարվելու, ես այդքան միամիտ չեմ: Եվ խորհուրդ կտայի իմ բոլոր գործընկերներին, ովքեր յուրաքանչյուր դրույթը սարքում են դարի հարց, շատ ավելի կոնստրուկտիվ ճանապարհով գնալ: Եթե կամքը չի լինելու, ուզում եք ցուցակները հազար հատ հրապարակեք, արտասանեք, ասմունքեք, ոչինչ չի լինելու»:

Այս պահին, Նաիրա Զոհրաբյանը չի տեսնում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կամք: Խոսքը հայտարարությունների մակարդակի մասին չէ: Հայտարարությունների մակարդակում կամք միշտ էլ եղել է, բայց տեղական լոկալ ընտրությունները, պատգամավորին հույս չեն ներշնչել, որ իշխանությունը խոսքից գործի է անցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930