Ապրիլի 24-ին Բրյուսելում և Բելգիայի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր անդամներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները:
Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, տեղական վարչակազմերի ղեկավարների, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ վերջին օրերին վկան եղանք Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և, ինչը զարմանալի չէ, Թուրքիայի կողմից այս քայլի անթաքույց օժանդակությանն ու քաջալերման կոչերին: Դեսպանն ընդգծեց, որ «սա էլ ավելի մեծ համախմբում է պահանջում՝ դիմագրավելու Թուրքիայի բութ ու համառ ժխտողականությանը, շարունակվող ցեղասպան պահվածքին և մեկընդմիշտ կասեցնելու դրանից սնվող ադրբեջանական ագրեսիան»:
Կարդացեք նաև
Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց և կարևորեց հայ համայնքի հետագա համախմբումը Հայրենիքի շուրջ:
ՀՀ ԱԳՆ