Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի համանախագահ չի կարող մեզ պարտադրել տարածքներ հանձնել»

Ապրիլ 25,2016 15:35

Ապրիլի 25-ին «Դիալոգ» մամուլի ակումբում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանեց, թե ինչ խնդիր է փորձել լուծել Ադրբեջանը` ապրիլյան չհայտարարված պատերազմի միջոցով:

«Նախ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն ասաց` «մենք երկար էինք սպասում համանախագահների առաջարկին, քանի որ այն չկա, հարցը կարող ենք լուծել ռազմական ճանապարհով»: Այսինքն, Ադրբեջանի ռազմական գործողությունների նպատակը հետեւյալն է` սահմանային միջադեպերով նա շանտաժի է ենթարկում համանախագահներին, որպեսզի վերջիններս առաջարկեն Ղարաբաղը հանձնել իրենց»,-ասաց Հարությունյանը:

Նրա բնորոշմամբ` ԼՂ հիմնախնդրի լուծման հայաստանյան դիրքորոշումը հետեւյալն է` «Արցախի կարգավիճակ` տարածքների դիմաց», սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանն Արցախը տեսնում է միայն իր կազմում. «Սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են տարածքների զիջում: Մեր իշխանությունների մոտեցումն է` Ղարաբաղի անկախություն, ցամաքային կապ Հայաստանի հետ եւ միջազգային անվտանգության երաշխիքներ: Սա է լուծման բանաձեւը, որին չի գնում Ադրբեջանը եւ ասում է` «այդ տարածքներն իմն են, իսկ Ղարաբաղը կունենա կարգավիճակ, բայց Ադրբեջանի կազմում», ինչի հետ հայկական կողմը, բնականաբար, համաձայն չէ: Որեւէ համանախագահ այսօր ՀՀ-ի եւ Ղարաբաղի ղեկավարությանը չի կարող պարտադրել վերադարձնել տարածքներ: Այսօր նման լուծում չկա: Բակո Սահակյանն ասել է, որ համաձայն չեն Մադրիդյան սկզբունքների հետ: Ղարաբաղի տեսակետը դա է, դա դիվանագիտություն է, ինչ կլինի հետո` ժամանակը ցույց կտա»:

Վաղարշակ Հարությունյանը փաստեց, որ Ադրբեջանը չի համաձայնում շփման գծում վերահսկման մեխանիզմներ կիրառելու առաջարկին, քանի որ ռազմական գործողությունների միջոցով ցանկանում է հայկական կողմում վախի մթնոլորտ ձեւավորել, կոտրել հայ ժողովրդի կամքը, որպեսզի հայկական կողմը գնա զիջումների. «Հայկական կողմը միշտ պատրաստ է եղել զիջումների: Գիտակցենք, որ բանակցային գործընթացը միշտ տապալել է Ադրբեջանը: Մենք երբեք համանախագահների հանդեպ անվստահություն չենք հայտնել, դա արել է Ադրբեջանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930