Լրահոս
Օրվա լրահոսը

Հարությունյան. «5 կմ առաջ գնալու համար մեր երեխաներին զոհաբերեի՞նք» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2016 15:26

Ադրբեջանն ապրիլյան քառօրյա պատերազմում ռազմական առումով որեւէ հաջողության չհասավ, խաբեց իր ժողովրդին, հայտարարեց, թե երկու օրում կգրավի Ղարաբաղը, մինչդեռ երկու ժամում մեր բանակը ջարդեց այդ հզոր բանակին` իր հզոր զենքով: Այս մասին ապրիլի 25-ին «Դիալոգ» մամուլի ակումբում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա բնորոշմամբ` ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հասկանում են, որ ադրբեջանական բանակը չի կարող հարցը լուծել ռազմական ճանապարհով. «Սպասում ենք, որ համանախագահները լուծեն խնդիրը, ինչը ենթադրում է  զինադադարի հաստատում եւ վերահսկման մեխանիզմների ներդրում: Հայկական կողմն այստեղ պետք է կոշտ դիրքորոշում ցուցաբերի: Պետք է հասնենք նրան, որ պարզ լինի` Ադրբեջանն է նախահարձակ լինում: Հայաստանը պատրաստ է զիջումների, իսկ Ադրբեջանը` ոչ: Վերջինիս նավթային պաշարները նվազում են, նավթի գներն ընկել են: Նավթային բյուջեն կազմում է այդ երկրի բյուջեի 94 տոկոսը: Այդքան տեխնիկան եւ բանակը սպասարկել է պետք: Դա մեծ փողերի հետ է կապված: Հիմա Ալիեւը հասկանում է, որ փակուղի է մտել, եւ սա այն պատճառներից է, որ Ադրբեջանն ապրիլի սկզբին գնաց Ղարաբաղի հանդեպ ոտնձգության»:

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ հայկական կողմը չի  հրաժարվի բանակցություններից. «Մեր դիրքորոշումը միշտ ճիշտ է եղել: Դու շահում ես, երբ ասում ես, որ պատրաստ ես լսել մյուս կողմին: Ադրբեջանը նեղանում է համանախագահներից, ասում, որ ռուսը դաշնակից է եւ Թուրքիան պետք է ներգրավվի գործին: Դա երբեք չի ընդունվի, բոլորը հասկանում են, որ Թուրքիան միակողմանի պաշտպանելու է Ադրբեջանին: Թուրքիան մինչեւ ապրիլյան դեպքերն ասաց, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, եւ իրենց խնդիրն է` Ռուսաստանին հանել գործից»:

Պաշտպանության նախկին նախարարը մեկնաբանեց նաեւ կարծիքները, թե Ռուսաստանից հայկական կողմի ձեռքը կրկին բռնել են եւ թույլ չտվել, որ քառօրյա պատերազմի ժամանակ առաջ գնա. «Կան մարդիկ, որ նաեւ ասում են` «կարող էինք մտնել Բաքու», բայց դրանք խոսակցություններ են, էմոցիաներ են, գուցե լավ հայտարարություններ են, բայց իրավիճակի ռազմաքաղաքական գնահատական գոյություն ունի: Հստակ ասում եմ` եթե մեր ռազմաքաղաքական իշխանությունը համարեր, որ պետք է առաջ գնայինք, կգնայինք: Կուզեի՞ք, որ մեր երեխաները զոհվեին անհասկանալի պատճառով: 5 կմ առաջ գնալու համար մեր երեխաներին զոհաբերեի՞նք…անիմաստ է, որովհետեւ ռազմաքաղաքական խնդիրը լուծված է մեր օգտին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930