Ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» «Բախումներ ոստիկանության և քաղհասարակության միջև. իրավական գնահատական» թեմայով քննարկման ժամանակ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձավ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթին, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ եւ ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձ է արվել:
Պարոն Մելիքյանը տարակուսանք հայտնեց ՀՀ ոստիկանապետի՝ Ծիծեռնակաբերդում արած հայտարարության առնչությամբ: «Ինչպիսին ոստիկանապետն է, այնպես էլ իր ղեկավարած կառույցն է: Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս կարող է բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ այդպիսի անտակտ հայտարարություններով հանդես գալ…Ինքը երբ լրագրող է տեսնում, ատելությունը աչքերից եւ դեմքից թափվում է, իր համար կարեւոր է վիրավորել լրագրողներին, ոչ միայն սուր հարց տվող լրագրողներին, այլեւ առհասարակ հավաքվածներին: Եվ բնական է, որ այդպիսի ոստիկանապետ ունեցող կառույցը պետք է գործի այնչափ լկտի, ինչպիսին գործել է հունիսի 23-ի դեպքերի ժամանակ: Ոստիկանությունն այնքան է լկտիացել, որ երբ որեւէ հավաքի ժամանակ լրատվության ներկայացուցիչներ է տեսնում, համարում է, որ արդեն դրանով իսկ իրենց գործունեությունն է խոչընդոտվում: Միշտ իրենք ցանկանում են, որ այդ իրադարձությունները չլուսաբանվեն, եւ ինչքան հնարավոր է՝ պակաս ինֆորմացիա դուրս գա այդտեղից»,-ասում է Աշոտ Մելիքյանը:
Նրա ձեւակերպմամբ՝ «Սա արդեն գործելակերպ է դարձել: Ոստիկանները տեսախցիկը տեսնելուց շտատիվից վերցնում են, տալիս են գետնին, ջարդում են, որպեսզի օպերատորը չկարողանա աշխատել: Ըստ երեւույթին իրենց ասել են՝ ամեն գնով խոչընդոտեք, թույլ չտաք: Նրանք էլ, ինչ իրենց երեւակայությունը թույլ է տվել, արել են՝ ջարդել են, լրագրողին վիրավորել են: Ծիծեռնակաբերդում հարց են տալիս, սակայն չգիտես ինչու վերհիշում է հանրաքվեի որոշ դեպքեր, երբ որոշ անձանց լրագրողական բեյջեր են բաժանվել, կամ նրա տարօրինակ խոսերը, որ գունաթափվել եք… Ի՞նչ է ուզում դրանով ասել, լրագրողին ասում է՝ քո մեջ կին չեմ տեսնում… Փոխանակ քո գործը անես, տարօրինակ ոչ ադեկվատ արտահայտություններ ես անում… Կարծում եմ՝ ոստիկանությունը ոչ թե ծառայում է օրենքին, այլ իշխող վերնախավին»:
Հավելենք, որ Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև Ոստիկանություն եւ Օմբուդսմենի գրասենյակ, սակայն որեւէ մեկը չէր ներկայացել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի