«Լրատվամիջոցն իր գործն է անում եւ անկախ նրանից`ո՞ւմ է դուր գալիս լրագրողի աշխատանքը, որեւէ պաշտոնյա, ինձնից սկսած՝ երկրի ամենաբարձր պաշտոնյայով վերջացրած, իրավունք չունի լրատվամիջոցին, եթե նա պրոֆեսիոնալ կատարում է իր աշխատանքը, խոչընդոտել կամ որակումներ տալ: Իհարկե, նման որակումներն, ում կողմից էլ արված լինեն, բացարձակապես անընդունելի են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, երեկ, Ծիծեռնակաբերդի բարձունքում, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, www.1in.am կայքի լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանության բարեփոխումները, ինչի մասին խոսում է ոստիկանապետը, նկատելի չեն, հակադարձել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:
Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ խորհրդարանում էլ կան մարդիկ, ում վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, հայտնի է:
Ոստիկանապետը պե՞տք է ներողություն խնդրի կամ ընդհանրապես հեռացվի պետական կառավարման համակարգից, Նաիրա Զոհրաբյանն իր գնահատման խնդիրը չի համարում: «Մեկ բան հստակ է, լրատվամիջոցի աշխատանքը պետք է հարգել: Որեւէ մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ պատասխանատվության չափը յուրաքանչյուր անձի բարոյականության սահմաններում է:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն, ընդհանրապես, դեմ է գենդերային տարաբաժանմանը, երբեք չի ընդունել պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը, ընդհանրապես, գտնում է, որ մարդուն չի կարելի վիրավորել, անկախ նրանից կի՞ն է, թե՞ տղամարդ: Տվյալ պարագայում էլ Էական չի համարում լրագրողի կին կամ տղամարդ լինելը. «Վիրավորել են իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ