Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսն առկախում է իր մասնակցությունը Ընտրական օրենսգրքի քննարկմանը

Ապրիլ 25,2016 14:32

Լեւոն Զուրաբյանի հարցը եւ հայտարարությունը Ազգային Ժողովում ապրիլի 25-ին

Ազգային Ժողովի ղեկավարության կողմից որոշում է ընդունվել այս հերթական նիստում սկսել ընտրական օրենսգրքի քննարկումները: Ընտրական օրենսգիրքը փաստաթուղթ է, որը կարեւոր ազդեցություն ունի ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ձեւավորման վրա: Սա է պատճառը, թե ինչու է ժողովրդավարական աշխարհում անհրաժեշտ համարվում, որ ընտրական օրենսգրքի շուրջ կայանա իշխանությունների, ընդդիմության եւ              քաղաքացիական հասարակության կոնսենսուս, փոխհամաձայնություն, այլ ոչ թե հարցը լուծվի մեծամասնության կողմից քվեարկության մեխանիզմի գործադրման միջոցով։ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում այս մասին խոսեց նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը։ Ինչպես գիտեք, 4 գումարած 4 գումարած 4 ձեւաչափով               բանակցությունները արդյունք չտվեցին: Կոնսենսուսը չկայացավ, քանի որ իշխանությունները ըստ էության մերժեցին ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միահամուռ հավանությանն արժանացած հինգ միացյալ պահանջները։ Եւ քանի դեռ նման կոնսենսուս ձեռք բերված չէ, հաշվի առնելով, որ Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի գտնում, որ Ազգային Ժողովում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական անխուսափելի լարումներ     առաջացնող այդ խնդրի շուրջ, առավելեւս որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու որեւէ ազդանշան չի տալիս: Մենք կարծում ենք , որ ավելի ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ անհրաժեշտ կոնսենսուսի ձեռքբերումը։

Ղարաբաղյան քառօրյա պատերազմը բոլորիս համար ցնցում էր, որը նաեւ առիթ դարձավ լուրջ           վերաիմաստավորումների համար։ Ընդդիմությունը հայտարարեց պատերազմական վտանգի պայմաններում երկրի քաղաքական ուժերի համախմբման եւ ներազգային միասնականության   մասին։ Ամբողջ հայությունն այսօր լծված է հայրենիքի պաշտպանության գործին:
Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ  առավել քան երբեւէ, գործի հաջողության համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ կատարել մեր երկրում, առողջացնել քաղաքական եւ տնտեսական համակարգը, հիմք դնել մեր անվտանգության համակարգի եւ ռազմական   կարողությունների շեշտակի հզորացման համար։ Պետք է վերջ տալ կոռուպցիային, թալանին եւ ընտրակեղծարարությանը։
Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները ցույց չեն տալիս, որ իրենք լուրջ դասեր են քաղել     կատարվածից եւ պատրաստ են հանուն ազգային համախմբման ընդառաջ գնալ սեփական հանրությանը։ Իշխանությունները ըստ էության չընդունեցին միացյալ հինգ պահանջներից եւ ոչ մեկը, չգնացին որեւէ փոխզիջման, իսկ ապրիլի 17-ի ընտրությունները անցկացրեցին կեղծարարության հայտնի ավանդույթներով ։
Իհարկե, մեր դիրքորոշումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող        իրավիճակում ազգային համախմբման վերաբերյալ պայմանավորված չի իշխանության քայլերով եւ չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։ Բայց մենք պահանջում ենք իշխանություններից սթափություն եւ ադեկվատություն ստեղծված իրավիճակին։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի քննարկմանը, Հայ Ազգային Կոնգրեսը, չտեսնելով              իշխանությունների կողմից համարժեք քայլեր հանրությանն ընդառաջ, առկախում է իր մասնակցությունը օրենսգրքի քննարկմանը, քանի դեռ բարեխիղճ բանակցությունների արդյունքում ձեռք չի բերվել կոնսենսուս ընտրական օրենսգրքի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930