Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ գործիչը ներողություն խնդրեց հայերից իր նախնիների մեղսակցության համար

Ապրիլ 25,2016 14:23

Գերմանիայում գործող թուրքական «Միություն Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմութ Ուզունին Հայաստան է եկել հինգ նուռ ձեռքին: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Մահմութ Ուզունին ներկայացրեց, որ այդ 5 նռերը բերված են Պերուից, քանի որ այդ նռան սերմերը ժամանակին հայերն էին Արևմտյան Հայաստանից տարել Լատինական Ամերիկա: Ըստ պարոն Ուզունիի` հայկական հարցի լուծումն այս հինգ նռան մեջ է: Նա մանրամասնեց. «Գիտենք, որ հայ ազգն ունի հինգ խնդիր` Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, որ պետական միավոր է, Արցախ, Նախիջևան և Ջավախք: Ուստի հայ ազգի բովանդակ երկիրը հինգ մասի է բաժանված, որից չորսը բռնազավթված է»:

Նշենք, որ Մահմութ Ուզունին երկար տարիներ իբրև քաղաքական բանտարկյալ թուրքական զնդաններում է եղել, խոշտանգվել, այժմ բնակվում է Լոնդոնում: Քուրդ գործիչը խոստովանեց, որ քրդերն ուղղակի մասնակիցն են եղել Հայոց ցեղասպանության ու հայերի բռնազավթմանը: Այնուհետև հայտարարեց. «Ամաչում եմ իմ նախնիների արարքների համար և իմ անունից ներողություն խնդրում, որ քրդերը մասնակցել են այդ ամենին:

Պարոն Ուզունին ներկայացրեց իրենց հայտարարությունը, որում դատապարտվում է Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը:  Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Մեր բողոքն ենք հայտնում ընդդեմ քրեական հանցագործ, ցեղասպան Թուրքիայի Հանրապետության և նրա հանցակից Ադրբեջանի դեմ: Մեր բողոքն ենք հայտնում ընդդեմ նրանց ուղղորդող ու կառավարող ցեղասպան գաղափարախոսության, ընդդեմ նրանց նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերողների և նրանց զինող դաշնակիցների:

Մեր ձեռքերը ցեղասպանության ժխտողների օձիքներին է, քանի որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: Ե՛տ քաշեք ձեր ձեռքերը Արցախի Հանրապետությունից, ճանաչե՛ք 1915-ի ցեղասպանությունը և զբաղվե՛ք դրա հետ կապված բոլոր պարտավորություններով, ներողությո՛ւն խնդրեք ցեղասպանված ազգերից` հայերից, ասորիներից, Պոնտոսի հույներից և եզդիներից»:

Հարցին` արդյոք մեծաթի՞վ են այն քրդերը, որոնք ընդունում են իրենց նախնիների մեղսակցությունը հայերի ցեղասպանության իրականացման հարցում, պարոն Ուզունին պատասխանեց. «Արձանագրենք, որ շատ քիչ մարդ է ինձ նման մտածում: Հատկապես քրդերի շրջանում իրենց պապերի կատարած վայրագությունն ընդունելի չէ, քչերն են փորձում առերեսվել»:

Մահմութ Ուզունին տեղեկացրեց նաև Եվրոպայի 4 քաղաքներում տեղի ունեցած «1 թուրք, 1 քուրդ, 1 հայ խոսում են 1915–ի մասին» խորագրով համաժողովների մասին: Նա փաստեց, թե նորություն է այն, որ այլևս չեն խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այլ հիմնական քննարկման թեման փոխհատուցման հարցն է:

Նա հավելեց. «Հարյուր տարին հերիք էր հոլովել ճանաչումը, հիմա արդեն փոխհատուցման մասին խոսելու ժամանակն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930