Ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման թեման էր «Բախումներ ոստիկանության և քաղհասարակության միջև. իրավական գնահատական» թեմայով: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթին, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ոստիկանության տվյալներով՝ բերման էր ենթարկվել 42 ցուցարար եւ գրանցվել էր միջադեպ՝ կապված ԶԼՄ ներկայացուցիչների՝ մասնավորապես 1in.am-ի օպերատորների մասնագիտական գործունեությունը ժամանակավորապես խոչընդոտելու փորձ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը բոլոր հավաքների վերաբերյալ դիտարկումներ է իրականացնում, ապա այդ ամենն ամփոփում տարեկան կամ վեցամսյա զեկույցներում: «Բայց երբ լինում է աննախադեպ երեւույթ, բռնություններ, մենք արտահերթ զեկույց ենք հրապարակում, ինչպես անցյալ տարվա հունիսի 22-ի զեկույցն էր: Մեր դիտորդներն ուղղակի զարմացված էին, քանի որ անցյալ տարվա «էլեկտիկ Երեւանի» բռնի դեպքերից հետո նման երևույթ դեռ չէր եղել, այս անգամ տեղի էր ունեցել անհամաչափ ուժի կիրառում: Եվ արդյո՞ք անհրաժեշտ էր նման ուժի կիրառումը: Մեր զեկույցը բավականին զուսպ է գրված, բայց դիտորդներն ապշած էին, թե ինչ աստիճանի վայրենի գործողություններ են եղել ոստիկանության կողմից: Դիտորդները վկայում են, որ ոստիկանների հետ հնարավոր չէր խոսել կամ բանակցել: Բացարձակապես բռնի ձեւով էին գործում, հաշվի չէին առնում՝ լրագրող է, թե դիտորդ: Սա զարմանալի երեւույթ է:
Եվս մեկ անգամ պետք է փաստենք, որ Հայաստանում ոստիկանությունը աշխատում է ոչ թե օրենքով այլ հրահանգներով: Ես հստակ կարող եմ ասել, որ հրահանգ է եղել, քանի որ սրան նախորդել էին այլ հավաքներ, հիշենք ՌԴ դեսպանատան առաջ կայացած հավաքը: Եթե համեմատելու լինենք, չեմ ասում, թե այնտեղ անկարգություններ են եղել, բայց այլ երեւույթներ ավելի շատ են եղել, քան այս դեպքում, բայց այս դեպքում թույլ չեն տվել հավաքն անցկացնել: Մենք կարող ենք հետեւյալ գնահատականը տալ՝ քանի որ հունիսի 22-ի անօրինականություն կատարող ոստիկաններից որեւէ մեկը չպատժվեց, այս անպատժելիության մթնոլորտը բերեց նաեւ սրան:
Արդյոք մենք չգիտե՞նք, որ Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության դեմ գործ չէր հարուցի, որովհետեւ նա էլ է ցուցումով աշխատել, անկախ կոչվող Քննչական կոմիտեն էլ է նույն ցուցումով աշխատում: Արդյոք մեզ համար պարզ չէ՞, որ ՌԴ դեսպանատան ցույցին հրահանգ է եղել չխոչընդոտել, իսկ ապրիլի 22-ի ցույցին հրահանգ է եղել ջարդել… Հայաստանի խաղաղ հավաքների մասին օրենքը Եվրոպայում լավագույններից է, բայց քանի՞ կոպեկ արժի, որ ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքներով, այլ հրահանգներով եւ առկա է անպատժելիության մթնոլորտ ոստիկանության համար»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանը նաեւ զեկույցի ամփոփումից մի հատված կարդաց, որտեղ մասնավորապես ասված է. «Հարկ է նշել, որ 2015թ. «Էլեկտիկ Երեւան» հավաքը դադարեցնելուց հետո 2016 թ. ապրիլի 22-ի հավաքի նկատմամբ ոստիկանության միջամտությունները եղել են աննախադեպ կոպիտ եւ ոչ իրավաչափ, ոստիկանների թիվը բազմակի անգամ գերազանցել է հավաքի մասնակիցների թվին, մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառվել է անհամաչափ ուժ, բերման է ենթարկվել լրագրող, մինչդեռ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության որեւէ ԶԼՄ ներկայացուցիչ ձերբակալման կամ բերման չի ենթարկվել»:
Իրավապաշտպանը ոստիկանության հաղորդագրությունը գեղեցիկ բառախաղ որակեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից: