«Հայաստանը պետք է դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն, և գլոբալ ֆորումն այդ առումով շատ ճիշտ է կազմակերպված: Իսկ «Ավրորա» մրցանակաբաշխությունը շատ հաջողված միջոցառում էր: Այս երկու միջոցառումները բավական լայն արձագանք են ունեցել միջազգային մամուլում»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին, Կիրո Մանոյանն ասաց, որ ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր վերջին ելույթը ճիշտ չօգտագործեց, ու դա իր համար վարկաբեկիչ է. «Բայց տարին դեռ չի վերջացել ու կարծում եմ՝ Օբաման դեռ ժամանակ ունի և կարող է իր նախընտրական խոստումը կատարել»:
Կիրո Մանոյանի խոսքով, արդեն երրորդ տարին է՝ ինչ Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հրապարակում` անտեսելով իրենց պետության կողմից ոճրագործության իրականացման փաստը. «Այդ ուղերձում ցավակցում է մահացածներին, իսկ նրանք կարծես բնական մահով են մահացել, կամ բնական աղետից: Նույն ժխտողական քաղաքականությունն են շարունակում»:
Հարցին, թե մեզ հաջողվե՞ց Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում, պարոն Մանոյանն ասաց՝ եթե նույնիսկ չի հաջողվել, ապա այդ ճանապարհին ենք. «Պետք է ցույց տանք, որ Հայաստանը շահագրգռված չէ միայն իր հարցերով, այլեւ համամարդկային ցեղասպանությունների դատապարտման հարցերով է շահագրգռված»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե որոշ պետություններ Հայոց ցեղասպանության հարցը շահագործում են հօգուտ իրենց, Կիրո Մանոյանն ասաց. «Բոլորն էլ իրենց շահերը պետք է հետապնդեն, դրա համար չպետք է հիասթափվենք, դա նորմալ է, մենք էլ պետք է մեր շահերը հետապնդենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ