Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորը մենք ենք ու Ամերիկան»

Ապրիլ 25,2016 17:30

Աշոտ Մանուչարյանն «ուղեղների գրոհ» է նախապատրաստում

«Կարեւոր չի՝ ինչ է ասում Պուտինը, կարեւոր չի՝ ինչ է ասում Օբաման, կռահել` ինչ փաստաթղթեր է բերում Լավրովը, ինչ արեցին ադրբեջանցիները եւ այլն. ինչ ասել են, ինչ դրել են, կարող է դրա ճիշտ հակառակը լինել: Կյանքը բոլորին է պտտում: Ոչ մեկի, նույնիսկ ամենահզորների մոտ կանխորոշված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին տարածաշրջան, այդ առիթով ռուսական մամուլում տեղ գտած տարածքների վերադարձի եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հրապարակումներին եւ այդ այցի արդյունքում այդպես էլ պատասխաններ չստացած հարցերին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած չորսօրյա պատերազմի արդյունքում երբեմնի ախոյաններ ՀՀ առաջին եւ երրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սագսյանի հանդիպում-քննարկումը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրավորական կեցվածքը նա այսպես է բնութագրում. «Ինչ-ինչ քայլեր կատարվում են, ռազմական խորհրդակցություններ են անցկացվում եւ այլն, դրանք նույնիսկ անհրաժեշտի դաշտից կարող են լինել: Կամ` մեկի գործողությունն էլ դիվիդենդներ հավաքելու տրամաբանության մեջ է»:

Այս ամենը, սակայն, Աշոտ Մանուչարյանն այդքան էլ էական չի համարում: Էականն, ըստ նրա, «ուղեղային գրոհները» շատ արագ կազմակերպելն է, քանի որ ժամանակն է շատ քիչ: «Խնդիրն այն է, թե ո՞վ է կարողանում մարդկային համակարգեր ստեղծել: Մենք մարդ վիճակի եկանք, երեխեքը մեզ խելքի բերեցին. մի հինգ րոպե զարմացած կանգնեցինք, կողքներս նայեցինք ու քցվեցինք` ի՞նչ էր կոչվում այդ թալանի համակարգը… հա, հիշեցի, ընտրություններ… Մենք մեր երեխեքին դեռ հողին չհանձնած՝ քցվեցինք նոր երեխեքի զրահաբաճկոնները վրաներից հանելուն, շրջազգեստների, ավտոմեքենաների եւ ռեստորաններում լափերի վերածելուն»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Մենք պիտի գանք այն վիճակին, որին մեզ բերեցին մեր զինվորները՝ իրենց անձնազոհությամբ: Մեր երեխաները մեզ ցույց տվեցին, թե կռիվը ո՞նց է պետք տալ, անկախ նրանից՝ դա քաղաքակա՞ն, ռազմակա՞ն, ինֆորմացիո՞ն, թե՞ մեկ այլ դաշտում է: Գողը, ավազակը, թալանչին, համենայնդեպս, իր երկրի ամրության մասին մտածում է եւ բանակը զինում է իրոք արդիական զինատեսակներով, զինվորին, իրոք, զրահաբաճկոն է հագցնում եւ այլն: Իսկ մենք՝ այն տները որ կառուցել ենք, պարզվում է՝ կառուցել ենք մեր զինվորների զրահաբաճկոններից ու նռնակների դեմ նրանց մարմիններն ենք դնում: Մենք մեզ վրա կրում ենք Միդաս արքայի անեծքը: Միդաս արքայի ձեռքն ինչի կպնում էր՝ ոսկու էր վերածվում: Այն տներն ու դղյակները, որ կան, հանգիստ կարող ենք մի զինվորի անունով դնել. իրենով ենք սարքել, իրեն զոհել ենք, այդ տունը սարքել ենք: Այն մեքենաները, որ քշում ենք, տանկի գումարներով ենք գնել, կանայք, որ շքեղ հագուստներ են հագնում, այն զինվորների գուլպաներն են, որոնք ոտաբոբիկ էին մնացել, առանց հացի էին մնացել»:
Հնչող կուլակաթափության կոչերը Աշոտ Մանուչարյանի մոտ ժպիտ են առաջացնում. «Այդ փալասներն ու ավտոները մենք կապում ենք այս իշխանավորների հետ, չնայած ամեն մեկն ով ինչքան կարող է, նույն ճանապարհի վրա ենք»: Նա հեգնանքով է վերաբերվում այս օրերին մեզանում ընդգծված դիրքորոշմանը` բոլորը վատն են, սրիկա են, բոլորը պիտի մեզ սպասարկեն, բայց չեն սպասարկում. «Ինչո՞ւ: Նրանք էլ իրենց խնդիրներն են լուծում, նրանք էլ ուզում են ամենը, այդ թվում՝ մեր արյունը, իրենց համար ոսկու վերածել»: Ուստի նաեւ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալը զուտ մանկական նեղացկոտության տպավորություն է իր մոտ թողնում:

Այդ դեպքում ի՞նչ անել, ի՞նչ քայլերով առաջ շարժվել` հարցին էլ պատասխանում է. «Մենք պետք է ստեղծենք այն բանակը, որն այս պատերազմում մասնակցում է եւ պաշտպանում է ինքն իրեն ու մարդկությանը: Համաշխարհային մարտերի կիզակենտրոնը հիմա Միացյալ Նահանգներն է: Այսպիսի ընտրություն ԱՄՆ պատմության մեջ երբեւէ չի եղել, որովհետեւ իրականում իրենք ընտրում են մարդկության ճակատագիրը: Թրամփը եկել եւ ասում է, որ այս աշխարհը պետք է ավերվի, այսպես այլեւս չի լինելու: Խնդիրն այն է, թե մենք այդ գործում կա՞նք, թե՞ ոչ: Հայության բանակից մենք այնտեղ մի հսկա ստորաբաժանում ունենք, որն իր բանակայնությունը զգում է նրանում, որ մի քիչ փող հավաքի, մի քանի զրահաբաճկոն ուղարկի այստեղ, մեր երեխաները հագնեն եւ ավելի շատ ադրբեջանցի երեխեքի ոչնչացնեն կամ էլ գոնե իրենք իրենց պաշտպանեն, որովհետեւ մենք գողությամբ ենք զբաղված: Մինչդեռ հայն ու ադրբեջանցին իրար ոչնչացնելու են, թե ոչ` լուծվելու է այնտեղ` Թրամփների կատարած գործառույթի արդյունքում: Քլինթոնը մի աշխարհի խորհրդանիշն է, Թրամփը` այլ: Ու դա զուտ խորհրդանշական չէ, այնտեղ հսկայական համաշխարհային ուժեր են կանգնել ու մարտի մեջ են:

Սիրիա, Իրաք, Իրան եւ այլն, ամբողջը դրա ածանցյալն է»: Աշոտ Մանուչարյանը համոզված է` մենք կարող ենք այդ գործընթացների մասնակիցը լինել, եւ ոչ միայն այնտեղ. «Ամենախելացի մարդիկ ունենք, փիլիսոփաներ ունենք, բայց մենք ամբողջական չենք: Հայությունն այսօր անհապաղ պետք է իրեն ձեւավորի որպես բանակ, որովհետեւ մշակութային պատերազմ է, տնտեսական պատերազմ է, տեղեկատվական պատերազմ է: Պետք չէ անընդհատ մատնացույց անել այստեղի օլիգարխիկներին, որոք կորցրել են մարդկային էությունը եւ մարեխ վիճակում են, որովհետեւ այստեղի մուրացկանն էլ է մարեխ վիճակում: Մեր երեխեքը մեզ հանեցին այդ վիճակից, հիմա պիտի ձեւավորենք այդ բանակը եւ մասնակցենք գործառույթներին, որոնց մի ուղղությունը ես ասացի»: Մեր զրուցակիցը հիշեցնում է` ժամանակին Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ունեցել է իր սեփական քաղաքականությունը եւ եղել է տանող: Ասում է` նույն Իրանն ու ՌԴ-ն մեզ հետ համաձայնեցված մտնում էին գործողության մեջ, Հայաստանի ստրատեգիական դաշինքը շատ առարկայական տեղ ուներ, եւ ոչ մի դաշնակից մի փամփուշտ չէր ուշացնում կամ որեւէ գործառույթ ժամանակից չէր ուշացնում:

«Այս 4-5 օրերի ընթացքում մենք մտել ենք մեր կյանքի Ավագ շաբաթը, որը հարյուր տարի է՝ մեզ համար ավարտվում է խաչելությամբ, հաջորդ օրը` վերածնունդով, հարությամբ»,- ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը` հավելելով, որ երբ այդ շքեղ տների տերերը դրանք անվանակոչեն ազատամարտիկների անունով եւ դարձնեն երիտասարդության ստեղծագործական տներ, իսկ իրենք անցնեն համեստ տներում նորմալ մարդու կյանքով ապրելուն, իրենց ստեղծածը ներդնեն, որպեսզի ստեղծվեն սարքեր, որոնք իջեցնում են անօդաչու սարքերը, լռեցնում են թնդանոթները` ամեն ինչ իր տեղը կընկնի: «Բոլոր հարթություններում կարող ենք ցանկացած տիպի պատերազմ տալ, հիմա գործառույթներ են ընթանում, որ այդ հայությանն ամբողջականացնեն` բոլոր ոլորտներում: Բանակները ձեւավորել ու պատերազմը տանել: Ժողովուրդն էլ իր ամբողջականությունը պիտի զգա: Ես կատեգորիկ համարում եմ, որ մեր ժողովուրդը պիտի սովորի նորից, որ ինքը շաբաթը մեկ անգամ զբաղված է երկրի, մոլորակի, ազգի գործերի կառավարմամբ եւ դրա համար հավաքվում է հրապարակներում: Մեր բանակը մեզ թշնամուց կարող է պաշտպանել, բայց մեր բանակը մարեխից պաշտպանելը մեր գործն է: Մեր զինվորը տեսնում է, որ իր ծնողը կանգնած պահանջում է` գուլպան ո՞ւր է, հացն ո՞ւր է, փամփուշտն ո՞ւր է, մշակած ռազմական օպերացիաները ո՞ւր են… թե չէ՝ նայում ես, մեկ էլ մարեխը նորից գնդապետներին տալիս է առաջին կարգի մարտական խաչ, իսկ այդ գնդապետի սխալի հետեւանքով իր կրծքով ծածկող երեխային՝ ինչ-որ անհասկանալի բաներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930