Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դեպքերում երեխաները կրծքով չեն կերակրվի եւ կստանան կաթնախառնուրդ

Ապրիլ 25,2016 17:00

Կրծքով կերակրելը լավագույն միջոցն է վաղ հասակի երեխաներին անհրաժեշտ սնուցող նյութերով ապահովելու համար: Այս համոզմունքից ելնելով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը առողջապահության քաղաքականությունն ամբողջությամբ ուղղել է կրծքով կերակրման խրախուսմանը: Այդուհանդերձ, օրենքով սահմանված են որոշակի խմբեր, որոնց պետությունը պարտավոր է տրամադրել արհեստական կաթնախառնուրդներ, երբ օբյեկտիվ պատճառներով կրծքով կերակրելը հնարավոր չէ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Մոր եւ մանկան վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, դրանք բժշկական եւ սոցիալական այն ցուցումներն են, որոնք սահմանվել են անցյալ տարի հոկտեմբերին կառավարության կողմից հաստատված կարգով: Նշյալ կարգով առանձնացվել են մի շարք խմբեր, որոնց պետք է տրամադրվեն կաթնախառնուրդներ: Նունե Փաշայանի ներկայացմամբ՝ բուժհաստատությունը պարտավոր է գնել եւ կաթնախառնուրդներ տրամադրել ծնողական խնամքից զրկված երեխաներին, ընկեցիկ երեխաներին կամ այն նորածիններին, որոնց մայրը մահացել է:

Սոցիալական վիճակով պայմանավորված էլ՝ պոլիկլինիկան կարող է գնել եւ անվճար տրամադրել կաթնախառնուրդ, եթե երեխան արդեն իսկ ունի սնուցման ծանր խանգարում, եւ ընտանիքը հաշվառված է սոցիալական նպաստի համակարգում եւ ունի 30 եւ ավելի միավոր:
Կարգով սահմանված է նաեւ, որ կաթնախառնուրդ պետք է տրամադրվի բազմապտուղ՝ երկու եւ ավելի ծնված երեխաներին, որոնք եւս հաշվառված են նպաստի համակարգում:
Բժշկական ցուցումների պարագայում էլ կաթնախառնուրդով կապահովեն ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված երեխաներին՝ վարակի փոխանցումը կանխարգելելու նպատակով: Նունե Փաշայանի խոսքերով՝ վերջերս առողջապահության նախարարի հրամանով սահմանվեցին նաեւ բժշկական այլ ցուցումներ, ինչպիսիք են հազվադեպ հանդիպող ժառանգական նյութափոխանակության որոշակի հիվանդությունները, որոնց առկայության դեպքում նույնպես երեխաներին կտրվեն կաթնախառնուրդներ: Դրանք կտրամադրվեն նաեւ այն դեպքերում, երբ ծանր հիվանդության պատճառով մայրը պարզապես հնարավորություն չունի իրականացնել երեխայի խնամքը: Խոսքն, ըստ մեր զրուցակցի, օրինակ՝ հետծննդյան սեպսիս կամ հետծննդյան պսիխոզ հիվանդությունների մասին է: Վերջինիս դեպքում կրծքով կերակրելը կարող է վտանգավոր լինել երեխայի համար: Կրծքով կերակրելու հակացուցում ունեն նաեւ քիմիաթերապիա եւ ճառագայթային բուժում, հոգեմետ կամ հակաէպիլեպսիկ դեղեր ստացող մայրերը, որոնց երեխաներին նույնպես պետության կողմից կտրամադրվեն կաթնախառնուրդներ:

Տիկին Փաշայանի խոսքերով՝ ցանկը հստակ սահմանված է, եւ այդ ցանկից դուրս պետությունը չի կարող անվճար տրամադրել կաթնախառնուրդներ:

«Բժիշկը միանձնյա չի կարող որոշել եւ նշանակել կաթնախառնուրդ, դա պետք է որոշվի կոնսիլիումային եղանակով, եւ այն իսկապես պետք է լինի մոր ծանր հիվանդություն, որի պատճառով երեխային պետք է նշանակվի կաթնախառնուրդ»,- նկատում է մեր զրուցակիցը:
Նունե Փաշայանը նաեւ ներկայացրեց «Մանուկներին եւ վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվական եւ ուսուցողական նյութերի համաձայնեցման եւ լիազորման կարգը», որն ընդունվել է 2016 թվականին:

Այս կարգի անհրաժեշտությունը Նունե Փաշայանը բացատրեց Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջով, որով պետությունները պարտավոր են բնակչության բոլոր շերտերին, այդ թվում նաեւ ծնողներին, ապահովել երեխայի առողջ սնուցման եւ կրծքով սնուցման վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաեւ այդ տեղեկատվության հասանելիությամբ:

«Պետությունը նաեւ պետք է ապահովի, որպեսզի այդ տեղեկատվությունը լինի ճշգրիտ: Շատ հաճախ կաթնախառնուրդներ արտադրող կամ բաշխող կազմակերպությունները տպագրական որոշ նյութեր են պատրաստում եւ բաժանում՝ իրենց գովազդային շահերից ելնելով, եւ այժմ, համաձայն այս կարգի, ցանկացած տեղեկատվական կամ կրթական նյութ տպագրությունից առաջ պետք է համաձայնեցվի առողջապահության նախարարության հետ եւ, բնականաբար, համապատասխանի օրենքով սահմանված եւ օրենքից բխող իրավական ակտերի պահանջներին»,- ասաց տիկին Փաշայանը: Ըստ նրա՝ 2015 թվականի վերջում ընդունվել է նաեւ կրծքով սնուցման ազգային ծրագիրը եւ 2016-2020թթ. գործողությունների պլանը, որում սահմանված են ուղենիշներ եւ բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված բուժաշխատողների կրթմանը, մայրերի իրազեկման բարձրացմանը, առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների ընդլայնմանը, կերակրող մայրերի եւ նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծմանը, մոնիտորինգի բարելավմանն այս ոլորտում:

Կիրականացվեն նաեւ միջոցառումներ` ուղղված «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակմանն ու ընդլայնմանը, որի ներդրումը վերջին տարիներին դադարեցվել էր:
«Մեր նպատակն է վերակենդանացնել, վերագործարկել ու ավելացնել մանկանը բարեկամ ծննդատների եւ պոլիկլինիկաների թիվը մեր երկրում՝ դրանով իսկ ստեղծելով կերակրող մայրերի համար ավելի բարենպաստ միջավայր»,- ասում է Նունե Փաշայանը:
Ըստ նրա՝ առողջապահության քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է կրծքով կերակրման խրախուսմանը, որովհետեւ կրծքով կերակրումը այն հազվագյուտ տեխնոլոգիաներից է, որը կարող է իջեցնել մանկական մահացությունը 13 տոկոսով: Տիկին Փաշայանի տվյալներով՝ 100-ից 13 երեխա, եթե ճիշտ, այսինքն՝ բացառապես կրծքով սնուցում ստանա, կարող է այդ ելքից խուսափել, եւ հակառակը՝ մինչեւ մեկ տարեկան արհեստական սնվող երեխաները, ըստ նախարարության մասնագետի, մոտ 15 անգամ ավելի շատ հավանականություն ունեն մահանալու, քան նույն պայմաններում մեծացող կրծքով սնվող երեխաները. «Մեր բոլոր ջանքերը միտված են մեր մայրերի իրազեկման բարձրացմանը, որպեսզի երեխաներին բացառապես կրծքով կերակրեն:

Վերջերս ընդունված օրենքը հստակեցրեց ե՛ւ բուժաշխատողների պարտականությունները, ե՛ւ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների իրավունքներն ու պարտականություններն այս ոլորտում: Մի շարք հարցեր կարգավորվեցին նաեւ վարչական իրավախախտումների մասին օրենքով, ինչի հետեւանքով առողջապահության նախարարության համար այս ոլորտն ավելի վերահսկելի կդառնա: Անցյալ տարի բյուջեից 10 միլիոն դրամ է նախատեսվել, որն ուղղված էր մայրերի, հասարակության՝ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: Տպագրվեցին մի շարք նյութեր՝ հարցուպատասխանի տեղեկատվական թերթիկներ, սեղանի օրացույցի ձեւաչափով վեց ամսականից սկսած երեխայի համար նախատեսված բաղադրատոմսեր, որոնք փետրվար ամսից արդեն տրամադրվել են բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններին: Երեխային պոլիկլինիկայում հաշվառելուց հետո ծնողները պետք է ստանան այդ գրքույկները»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930