ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում եղած միջադեպին`ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ լրագրողի միջեւ:
www.1in.am կայքի լրագրողի`ոստիկանության բարեփոխումները չտեսնելու մասին դիտարկմանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»: Լրագրողն, ի դեպ, պատրաստվում է բողոքարկել ոստիկանապետի պահվածքը: Ինչպե՞ս`դեռ ճշտում են:
«Ես չեմ տիրապետում ամբողջական ինֆորմացիային»,- այսօր խորհրդարանում այդ առիթով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`հավելելով, որ լրագրողների պահելաձեւն էլ պետք է վերանայվի:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ նկատի ունի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, երբ ասում է, որ լրագրողների պահելաձեւը պետք է վերանայել, նա պատասխանեց. «Ոչ միայն լրագրողի, բոլորի, յուրաքանչյուր քաղաքացու»: Վահրամ Բաղդասարյանը նկատի ունի, որ եթե կա կարգ, որը սահմանում է ոստիկանությունը, պետք չէ այն խախտել: Հակադարձմանն ի պատասխան, որ նման խնդիր չի եղել, ՀՀԿ-ական պատգամավորը կրկնեց, որ ամբողջական տեղեկատվությանը չի տիրապետում:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ, որ կարծես ավանդույթ է դարձել, բոլոր պաշտոնյաները սկսել են վիրավորել լրագրողներին, հակադարձեց. «Բոլորը բավականին լայն հասկացություն է»: «Հիմնականում ՀՀԿ-ական»,- հստակեցրեց լրագրողներից մեկը: «ՀՀԿ-ականներից մեկը ձեր դիմացը կանգնած է»,- եղավ պատասխանը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ