Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները Էդվարդ Նալբանդյանից եւ Սեյրան Օհանյանից պատասխան են ուզում (Տեսանյութ)

Ապրիլ 25,2016 12:57

Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հորդորեց հրավիրել զինված ուժերի շտաբի պետ Խաչատուրովին, ՊՆ ղեկավարությանը ԱԺ, որ տեսնեն՝ այդ ինչպե՞ս են ծախսվում բանակին հատկացված միջոցները, որ զինվորը 20.00-ից հետո անգամ չի տեսնում, գիշերային սարք չկա, բանակում հասարակ ALINKO ռադիոկայանի կապ չկա:

Շարմազանովն ի պատասխան՝ առաջարկել էր, որ կազմակերպի առանձին հանդիպում Սեյրան Օհանյանի եւ Բագրատյանի հետ, իրեն հուզող հարցերի պատասխանները ստանա: Բայց մի շարք պատգամավորներ հակադարձեցին՝ դա բոլորիս հուզող հարց է եւ թող ՊՆ ղեկավարությունը գա ԱԺ, պատասխանի բոլորի հարցերին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունը: Կան հարցեր, որ լուրջ քննարկում են պահանջում եւ հարցեր կան, որ թույլ չենք տա ԶԼՄ-ների առջեւ բարձրաձայնել ու չենք ցանկանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցնել: Հարցեր կան, որ ուզում ենք ուղղել անձամբ վարչապետին, անձամբ ՀՀ արտգործնախարարին եւ անձամբ ՊՆ նախարարին»:

Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց, որ պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստ լինենք լայնածավալ գործողությունների, որովհետեւ դրանք Ադրբեջանի օրակարգում են:

Խաչատուր Քոքոբելյանն էլ պահանջեց, որ ՀՀ արտգործնախարարը բանակցային գործընթացի հետ կապված հստակ տեղեկատվություն ներկայացնի ԱԺ, որ ռուսական ԶԼՄ-ներից ստիպված չլինեն ինֆորմացիա ստանալ:

Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացել է ԱԺ-ում փակ նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին: Իսկ Էդվարդ Նալբանդյանն էլ երեկ Ծիծեռնակաբերդում է պատասխանել լրագրողների հարցերին: Նա վստահեցրեց. «ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Առանց ԼՂՀ մասնակցության, որեւէ մեկը չի կարող լուծել ԼՂՀ-ի եւ ԼՂՀ ժողովրդի ճակատագիրը:

Նա նաեւ ասաց, որ կքննարկեն ՊՆ ղեկավարությանը ԱԺ հրավիրելու հարցը եւ որոշում կկայացնեն ավելի ուշ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ առաջարկեց, որ հանձնաժողովի միջոցով իրենց մտահոգությունները հայտնեն: Նա ասաց, որ առաջիկայում ՊՆ նախարարը հրավիրվելու է հանձնաժողով, իսկ ԲՀԿ-ն, օրինակ, 3 պատգամավոր ունի այդ հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930