Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ 4-օրյա պատերազմին. «Լավատեղյակ եք, որ լուրջ հարցեր կան: Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքը 80-ականների է, թե ռուսները օգնում են Ադրբեջանին, միանշանակ մենք էլ ենք դատապարտում, բայց եկեք ճիշտը հասկանանք, այդ զենքերից չի, որ մենք ունենք զոհեր: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետեւ մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետեւ չկա հասարակ կապ, այն կապը, որը կար 90-ականներին: Մենք խնդիրներ ունենք ՊՆ ղեկավարության որակի հետ, չե՞ք կարծում, որ պետք է ընդգրկենք այդ հարցը:
Զինված ուժերի շտաբի պետին հրավիրենք այստեղ, տեսնենք ինչ է կատարվում բանակում: Երբ որ շքեղ ավտոմեքենաները՝ ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, եւ հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով ու մեծ թվով զոհեր ենք ունենում»:
Նա առաջարկեց այս հարցը հրատապ մտցնել ԱԺ օրակարգ եւ փորձել պարզել, թե ինչպե՞ս են ծախսվում այն գումարները, որոնք հատկացվել են բանակին:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ, ձեր հարցը անկեղծ մտահոգություն է նաեւ ՀՀ նախկին վարչապետի, բայց իմ խորին համոզմամբ, նման նուրբ հարցերը այսպես չեն քննարկվում: Մենք ՀԱԿ-ի առաջարկությամբ այստեղ կազմակերպել ենք փակ քննարկումներ, ՊՆ առաջին տեղակալն է ներկա եղել, չկա մի հար, որը ՊՆ նախարարը պատրաստ չէ քննարկել մեզ հետ Նպատակահարմարության մասին պետք է խոսենք:
Կարդացեք նաև
Բայց չեմ կարծում, որ այս հրապարակային հարցեր տալն ավելի արդյունավետ է: Մենք չենք կիսում որոշ ձեր գնահատականներ, բայց կարող ենք քննարկել, կարող ենք հանդիպում կազմակերպել ձեր եւ ՊՆ նախարարի միջեւ»:
Լեւոն Զուրաբյանն էլ հետաքրքրվեց Ընտրական օրենսգրքի քննարկումներից:
Նա առաջարկեց, որ հետաձգեն Ընտրական օրենսգրքի քննարկումը, մինչեւ այդ հարցի շուրջ լինի կոնսենսուս: Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. «Թույլ տվեք չկիսել այդ գնահատականները: Մենք էլ ենք ափսոսում, որ 4+4+4
ձեւաչափում կոնսենսուս չի եղել, բայց դա միակ ձևաչափը չէ: Մենք պետք է տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ